«Թող խոսի, ի՞նչ ասեմ». Արայիկ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը չի ցանկանում մեկնաբանել «մերժված ղեկավար» Սերժ Սարգսյանի հայտնած քննադատությունները՝ ուղղված իրենց իշխանությանը, նշելով, որ իր գործընկերները մի քանի կետ արդեն նշել են՝ ի հակադրություն այդ ամենի։

«Այնտեղ խոսվում էր նաև անպատասխանատու որոշումների, որոշումները փոփոխելու մասին։ Կարծում եմ՝ տեսել եք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին կտրուկ շրջադարձեր և տեսել եք, թե ինչպես է համակարգն այդ ժամանակ շուռ եկել։ Մեր կառավարությունը հավատարիմ է իր հեղափոխական գաղափարներին և այդ ուղղությամբ շարունակում է իր աշխատանքները։ Այսքանից ավելի «մերժված ղեկավարին» չեմ ուզում մեկնաբանել»,- շեշտեց նա։

Նշենք, որ երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Անդրանիկ Մարգարյանի» քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո, ի պատասխան շրջանավարտներից մեկի հարցին, թե արդյոք չի՞ վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի,  պատասխանել էր, որ վախենում է անպատասխանատու պոպուլիստների՝ հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ եկել է անկեղծ երկխոսության պահը, Արայիկ Հարությունյանն ասաց. «Թող խոսի, ի՞նչ ասեմ»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս