«Գազալցակայաններում 1000 դրամի գազ չեն լցնում, ասում են՝ 2000-ից է սկսվում մեզ մոտ. սա ի՞նչ խայտառակություն է»

Վարորդներին վերջերս սկսել է մեկ հարց անհանգստացնել, թե ո՞րն է պատճառը, որ գազալցակայաններում 1000 դրամի գազ չեն լցնում:

«Դիմում ենք պատասխանատուներին՝ դուք նման որոշման մասին լսե՞լ եք, որ մտնում եք գազալցակայան։ Մոտդ ունես ընդամենը 1000 դրամ, որ պետք է այդ գումարի չափով լցնես՝ մի 30 կմ վարելու համար, չեն լցնում՝ պատասխանելով, թե՝ մեզ մոտ 2000 դրամից է սկսվում: Սա ի՞նչ խայտառակություն է»,- 168.am-ին իր դժգոհությունը հայտնեց վարորդ Արմեն Մինասյանը:

«Մի տեղ  մտա՝ ասացին, թե՝ 1000 դրամի չենք լցնում, մեզ մոտ 2000-ից պակաս չկա, սեփական լցակայան է, տերերն այդպես են ուզում: Ուղղակի 1000 դրամի մեջ խաբելը քիչ է, ձեռք չի տալիս, իսկ 2000 դրամից ավելիի դեպքում լավ խաբում են»,- հավելեց մյուս վարորդը՝ Սերգեյ Հակոբյանը:

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չի լսել, բայց հատուկ ինչ-որ բան չկա, ուղղակի երևի ժամանակի խնդիր է:

«Դա այնքան քիչ է, ոնց որ կանգնես-ասես՝ երեք լիտր բենզին լցրեք: Տեխնիկական խնդիր չկա, հերթեր են գոյանում, երևի դրա համար չեն ուզում սպասարկել, թե չէ՝ այստեղ ոչ խաբեություն կա, ոչ էլ այլ բան: Իսկ երևույթը, իհարկե, նորմալ չէ, նման է նրան, որ մտնես խանութ, ասես՝ 150 գրամ կարագ տվեք, պատասխանեն, թե՝ չէ, կես կիլոգրամից ավելի չենք վաճառում»,- նշեց Մկրտիչ Տիգրանյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս