Քննչական կոմիտեի նախագահը՝ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործի մասին
«Երեկ քննչական կոմիտեն պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է այն տվյալները, որոնք ուներ այդ պահի դրությամբ, որից հետո Քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով գործն ուղարկվել է ըստ ենթակայության Հատուկ քննչական ծառայություն: Եվ, ըստ օրենքի, այլ մարմիններում գտնվող գործերը չենք մեկնաբանում»,-Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործին:
Հարցին՝ գործի հետ կապված հարավո՞ր է ՔԿ-ն հարցաքննության կանչի Հրայր Թովմասյանին, Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ օրենքը չի արգելում վկայի կարգավիճակով հրավիրել հարցաքննության ցանկացած պաշտոնատար անձի:
Արդյո՞ք հարցաքննվել է Հրայր Թովմասյանը, նա բացասական պատասխան տվեց:
«Արդեն մի շարք ապացույցներ կար, որոնք ըստ այդ հոդվածի՝ ենթակա են ՀՔԾ-ի քննելուն, մենք գործն ուղարկել ենք այնտեղ: Հիմա այդ գործն այլ նախաքննության մարմնի վարույթում է, թույլ տվեք այն չմեկնաբանել, բայց գործին առնչվող բոլոր անձինք հարցաքննվել են, այդ թվում՝ նոտարները»,- շեշտեց նա:
Նրա բնորոշմամբ՝ բոլոր գործերով կատարվում է օբյեկտիվ ու լրիվ քննություն, և չի ցանկանում մեկնաբանել այն կարծիքները, թե իր հայտարարությունը՝ Թովմասյանին առնչվող գործի հետ կապված, հիմնազուրկ է:
Զվարթ Խաչատրյան