Կարևոր է կրկին վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքով է հանդես եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին:
«Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար,
Տիկին Գլխավոր քարտուղար,
Գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ, այս ֆրանկոֆոն միջավայրում, որն ինձ այնքան հարազատ է դարձել: Նախևառաջ ցանկաում եմ շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարարին, ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին ցուցաբերած ջերմ ընդունելության համար:
Երևանում կայացած Գագաթաժողովից անցել է ավելի քան մեկ տարի, բայց Ֆրանկոֆոնիայի այդ հիանալի հանդիպման օրերը դեռ առկա են մեր հիշողություններում: Ինչ խոսք, բարեկամության նման պահերը գնահատելի են, սակայն մեր ստանձնած հավաքական պարտավորություններն են, որ պետք է Ֆրանկոֆոնիան դարձնեն գլխավոր դերակատար միջազգային հարաբերություններում, հուսալի մի ուժ` աշխարհի այսօրվա մարտահրավերներին պատասխանելու համար:
Մեր կողմից այն ժամանակ մատնանշված մարտահրավերները չեն փոխվել, իսկ մեր հասարակությունների ու միջազգային անվտանգության առջև ծառացած սպառնալիքներին մեր կողմից տրված պատասխանների արդիականությունն ավելի է ամրապնդվել:
Խաղաղությունը, համերաշխությունը, այն հիմնարար արժեքները, որը բոլորս կիսում ենք, շարունակում են մնալ «Ապրել միասին»-ի հիմքում՝ հանդիսանալով մեր ընդհանուր ժառանգության մի մասը և մեր առջև ծառացած խնդիրների լուծման բանալին:
Առանց հանուն խաղաղության, ինչպես նաև ծայրահեղականության ու ահաբեկչության սպառնալիքների դեմ մեր համախմբման, այդ աղետը կշարունակի ծառայել իր նպատակին: Այսօր այն ազդում է Ֆրանկոֆոնիայի անդամ մի շարք երկրների վրա, ներառյալ Սահելի տարածաշրջանի երկրները, որոնք մեծ գին են վճարում ահաբեկչությանը դիմակայելու համար: Կարևոր է կրկին վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին: Մեր տարածաշրջանում, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող թուրքական ռազմական ներխուժումը խորը մտահոգություն է առաջացրել՝ առաջ բերելով հումանիտար լուրջ ճգնաժամ, ինչպես նաև ռիսկեր՝ նպաստելու «Իսլամական պետության» վերականգնմանը՝ իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով:
Առանց համերաշխության սկզբունքի հաստատման, աշխարհի տարբեր տարածաշրջանների բնակչության միջև անհավասարության բացն առավել ընդլայնվելու վտանգ է պարունակում, եթե, օրինակ, մենք համերաշխ մոտեցում չորդեգրենք գլոբալ տաքացման դեմ պայքարում կամ համերաշխության նույն ոգով մուտք չգործենք դեպի նոր տեխնոլոգիաների ոլորտ:
Այդ իսկ պատճառով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոնակոյի իշխանություններին` օվկիանոսների պաշտպանության և պահպանման թեմատիկան մեր ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչը նաև կարևորում է առավելապես տուժած բնակչության բարեկեցությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Գիտակցելով, որ ֆրանկոֆոն տարածքում նորարարության և նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը պետք է մնա մեր օրակարգի հիմքում, Հայաստանի նախագահությունը ներկայացրել է բանաձևի նախագիծ՝ ընդգծելով այն փաստը, որ տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումը պետք է ծառայեն՝ ի օգուտ մեր ժողովուրդներին, հատկապես՝ կանանց ու երիտասարդներին:
Տիկին Գլխավոր քարտուղար, Ձեր իսկ կողմից նախաձեռնած համերաշխության սկսզբունքի շնորհիվ է, որ մենք բոլորս այսօր մեր աջակցությունն ենք հայտնում Հայիթիին:
Ի վերջո, գոյություն ունեն մարդասիրական արժեքներ, երկխոսության մշակույթ, կանանց և տղամարդկանց հավասարության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներ, որոնք էլ ձևավորում են Ֆրանկոֆոնիան, և առանց որի մենք չէինք կարողանա ապրել միասին: Բոլորս պարտավոր ենք հաշվի առնել այս ամենը: Այդ ամենն ամբողջությամբ արտացոլված են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մեջ: Այս ամենի պահպանումը պահանջում է մշտական զգոնություն, և դրանց խթանումը շարունակական բնույթ է կրում, որին ակտիվորեն հետևում են ՖՄԿ-ն ու իր ինստիտուցիոնալ ցանցերը:
Մենք հավատում ենք մարդու իրավունքների համընդհանուրությանը, և որ դրանց պաշտպանությունը պետք է տարածվի բոլոր մարդկանց՝ ողջ մարդկության վրա: Ուստի մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում պետք է ապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառյալ՝ Արցախի ժողովրդի տնտեսական և սոցիալական իրավունքները: Արցախի ժողովուրդն իրավունք ունի տնօրինել իր սեփական ճակատագիրը և կառուցել ավելի լավ ապագա իր գալիք սերունդների համար:
Մենք երախտապարտ ենք Ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար, որ Դուք ստանձնել եք կանանց և տղամարդկանց իրավահավասարության գործընթացի առաջմղումը՝ հիմք դնելով կրթության ոլորտի զարգացման համար, որի մասին խոսել եք անցած տարվա հունիսին Նջամենայում (Չադ) տեղի ունեցած միջազգային գիտաժողովում:
Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար,
Տիկին Գլխավոր քարտուղար,
Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Ամփոփելով ելույթս՝ չեմ կարող չանդրադառնալ հոբելյանական այն միջոցառումներին, որոնք սպասում են Ֆրանկոֆոնիային 2020 թվականին:
Հիսուներորդ տարին կլինի մեր կազմակերպության պատմության հիմնաքարը: Բնական է, որ այն նախ պետք է նշվեր Նիգերիայի Նիամի քաղաքում, որտեղ 1970թ.-ի մարտի 20-ին ստորագրվել է «Ֆրանկոֆոն միջկառավարական առաջին կազմակերպության ստեղծման մասին» կոնվենցիան: Այլ կերպ ասած, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարությունը հատուկ նշանակություն կունենա այս տարի: Իսկ մենք էլ մեր հերթին, առանձնահատուկ շուքով կնշենք ֆրանկոֆոնայի երկամսյակը, ինչը կազմակերպում ենք արդեն ավելի քան տասը տարի:
Այնուհետև, կմեկնենք Թունիս՝ հիսուներորդ տարեդարձի գագաթաժողովին մասնակցելու: Այս բոլոր հիմնարար հարցերի շարքում մենք գիտենք, տիկին Գլխավոր քարտուղար, թե որքան եք կարևորում փոփոխություններ կատարելու գործընթացը:
Մենք կրկին առիթ կունենանք քննարկելու այս հարցը նախարարների փակ նիստում:
Գագաթաժողովում Հայաստանի նախագահությունը լիակատար աջակցություն է հայտնում Ձեզ՝ կազմակերպության արդիականացման Ձեր ջանքերում:
Մենք տեղյակ ենք նաև առաջիկա գագաթաժողովի կազմակերպման հարցում Թունիսի իշխանությունների ողջ պատասխանատվության մասին:
Մաղթում եմ նրանց հաջողություն և վստահեցնում, որ կանգնած ենք նրանց կողքին՝ պատրաստակամ կիսելու Հայաստանի նախագահության փորձը և միասին աշխատելու՝ հիսունամյակի Գագաթաժողովին հաջողության հասնելու համար:
Շնորհակալություն»: