«Կառավարությունն ի գիտություն է ընդունել Ջիաննի Բուքիքիոյի դիտարկումները». Արդարադատության նախարար
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունը ողջունում է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը՝ ընդգծելով, որ կիսում է այն տեսակետը, որ, ի վերջո, պետք է ստեղծված ճգնաժամը հանգուցալուծվի։
Նա նշեց, որ կարևորում է այդ հայտարարությունը, և Կառավարությունն էլ ի գիտություն՝ ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի դիտարկումները:
«Փոխադարձ հարգանի անհրաժեշտություն միշտ եմ տեսնում, սակայն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ ՍԴ նախագահի ընտրության կասկածելի հանգամանքներ են, որոնք ոչ թե ծագել են այսօր, այլ այն ժամանակ, երբ ինքն ընտրվել է»,- ասաց նախարարը։
Նա նաև նկատեց՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունն ուղղված է բոլոր սահմանադրական մարմիններին, ավելին, եթե ճնշումների հետ կապված կասկած կա, ապա այդ կասկածները փարատելու համար կարող են հավելյալ փաստեր տրամադրել:
«Սահմանադրության ոգուն դեմ են այն գործընթացները, որով Հրայր Թովմասյանը դարձել է ՍԴ նախագահ։ ՍԴ-ն կբարեփոխվի, ճգնաժամն ամբողջությամբ կլուծվի այն ժամանակ, երբ կլինեն սահմանադրական բարեփոխումներ»,- շեշտեց Ռ. Բադասյանը:
Հարցին՝ այս փուլում Հրայր Թովմասյանի հրաժարականը ճգնաժամին լուծում կտա՞, նա պատասխանեց․ «Դժվարանում եմ պատասխանել, բայց վաղ կենսաթոշակի ներդրումից հետո տեսնենք, թե քանի դատավոր հրաժարական կտա։ Մեծապես կարևորում եմ ՍԴ-ի կազմի թարմացումը»։
Մանրամասները՝ առաջիկա տեսանյութում
Զվարթ Խաչատրյան