
Շվեդիայում #MeТoo շարժման հուշարձան են կանգնեցրել

Շվեդիայի հյուսիսի Ումեո քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի կողքին, կանգնեցվել է #MeТoo ֆեմինիստական շարժման քանդակ-հուշարձան: Այն իրենից ներկայացնում է սպառնալիորեն երախը բացած մուգ կարմիր կատվառյուծի քանդակ, որը նստած է հետեւի թաթերին եւ լայնորեն բացել է սրատամ երախը: Հեղինակը քանդակագործ Կամիլլա Ակրական է, որը հաղթել է հուշարձանի պատրաստման իրավունքի մրցույթում։
Կատվառյուծը խորհրդանշում է բողոքը սեռական ոտնձգությունների դեմ: Ումեոյի կոմունալ վարչակազմի աշխատակցուհի Մուա Քրեստեսենի խոսքով՝ Շվեդիայում դա առաջին քանդակն է՝ նվիրված #MeТoo-ին:
Այն քաղաքի վրա նստել է 500 հազար կրոն (55,3 հազար դոլար): Մուգ կարմրագույն կատվառյուծի պաշտոնական բացումը կկայանա նոյեմբերի 2-ին:
#MeТoo գլոբալ շարժումն սկսվել է դերասանուհի Ալիսա Միլանոյի թվիթից, որը հրապարակվել Է 2017 թվականի հոկտեմբերին: Նա բոլորին, ովքեր երբեւիցե ենթարկվել են սեռական ոտնձգությունների, կոչ է արել իր գրառմանը պատասխանել «Ես նույնպես» (Me too) բառերով: Այդ ժամանակվանից միլիոնավոր մարդիկ են օգտագործել հեշթեգը՝ պատմելու իրենց փորձի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: