
Հայաստանը Եթովպիայի հետ դարավոր բարեկամություն ունի, ինչը լավ հիմք է հարաբերությունների զարգացման համար. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եթովպիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուն (Alemayehu Tegenu, նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա իր մասնագիտական փորձն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի և Եթովպիայի միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Նախագահի խոսքով՝ Եթովպիան Աֆրիկյան մայրցամաքում այն երկրներից է, որի հետ Հայաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի, երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ, փոխադարձ հարգանք, ընդհանուր պատմություն և քաղաքակրթություն, ինչը լավ հիմք է միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Նախագահ Սարգսյանը ոգեշնչող է համարել հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ Եթովպիայի գործադրված վճռական ջանքերը, որի համար վարչապետ Աբիյ Ահմեդին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի: «Սա ցույց է տալիս, թե ինչպես երբեմն ոչ ստանդարտ մոտեցումները կարող են ավելի արդյունավետ լինել, քան ավանդական լուծումները»,- ընդգծել է նախագահը:
Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ: Նրանք համակարծիք են եղել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տուրիզմի, կրթության, մշակույթի ոլորտներում երկու երկրները փոխգործակցության հսկայական ներուժ ունեն: «Ժամանակն է, որ դա լիովին իրացվի և ստորագրված փաստաթղթերը վերածվեն գործնական քայլերի»,-ասել է նախագահ Սարգսյանը: