
ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել քաղաքացիական հաշտությունը Լիբանանում

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է իրադրության զարգացմանը Լիբանանում եւ կոչ է արել պահպանել քաղաքացիական հաշտությունն այս երկրում։
«ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ բոլոր լիբանանցիները կպահպանեն հավատարմությունն ազգային միասնությանը, կպահպանեն քաղաքացիական հաշտությունը, ցույցերի քաղաքակիրթ բնույթը, ինչպես դա եղել է բողոքների ամենասկզբից»,-ասված է համարաբական կազմակերպության հայտարարության մեջ: Նա նաեւ հայտարարել է, որ ըմբռնումով է վերաբերվում Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի` պաշտոնաթող լինելու որոշմանը, հաշվի առնելով, որ խոսքը Լիբանանի՝ տարբեր կրոններ դավանող քաղաքացիների ընդհանուր պահանջի մասին է: Աբուլ Գեյթի խոսքով՝ ԱՊԼ-ն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է աջակցություն ցուցաբերել Լիբանանին:
«ԱՊԼ-ն համերաշխ է Լիբանանի հետ այս տագնապալի փուլում եւ պատրաստակամություն է հայտնում պաշտպանել այն ամենը, ինչը կարող է նպաստել այս երկրի կայունությանն ու քաղաքացիական հաշտության ամրապնդմանը»,-ասված է փաստաթղթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: