Կասեցվել են 70-ից ավելի բուժհաստատությունների լիցենզիաներ, դրանցից մեկն «Աստղիկ» ԲԿ-ում է
Առողջապահության նախարարությունը մի շարք պետական և մասնավոր բժշկական կենտրոններում լիցենզիաներից զրկելու կոշտ քայլերի է անցել, թիրախավորված բուժհաստատությունների ցանկն անցնում է յոթ տասնյակից:
168.am-ի տեղեկություններով՝ նախարար Արսեն Թորոսյանի ստորագրած հրամանի համաձայն՝ հոկտեմբերից այս բոլոր բուհժհաստատություններում, հետազոտական կլինիկաներում և ստոմատոլոգիական կենտրոններում, փաստորեն, կան կասեցված ծառայություններ, այսինքն՝ մասնագետը բժշկելու իրավունք չունի, քանի որ չունի համապատասխան կրթություն, կամ պահանջվող որակավորում չի ստացել:
168.am-ն ավելի վաղ գրել էր, որ նախարարության հերթական ճնշումը ոչ այնքան մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն է ուղված, որքան նախարարի ռեյտինգի բարձրացմանն ուղղված PR ակցիա է, և այս կապակցությամբ կա լուրջ դժգոհություն՝ հատկապես պրոֆեսորների ու երկարամյա մասնագետների շրջանում, որոնցից նախարարությունը պարտադիր վերապատրաստման թերթիկ է պահանջում:
Եվ ահա նախարարի ստորագրած հրամանն ուժի մեջ է մտել հոկտեմբերի սկզբին, կասեցումների ցանկն ուղարկվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտե ու Արդարադատության նախարարություն, որպեսզի վերահսկողություն իրականացնեն:
Հատկանշական է, որ խախտումների գերակշիռ մասը հայտնաբերվել է մասնավոր կլինիկաներում, և դրանք հիմնականում առնչվում են այն դեպքերին, երբ մանուկներին անթույլատրելիորեն սպասարկել են մեծահասակների համար մասնագիտացված բժիշկները:
Իսկ դա առնվազն նշանակում է՝ ոչ ճշգրիտ ախտորոշումներով՝ այցելուներին տրվել են եզրակացություններ, ոչ ճիշտ ցուցումներ և նշանակված բուժումներ: Ինչպես նախարարության մեր աղբյուրն է հուշում՝ 0-18 տարիքի միջակայքում մարդկանց մոտ խիստ տարբեր են հիվանդություների ախտանշանները։ Օրինակ, խալերի, գոյացությունների, վարակների և մի շարք այլ դեպքերում տարբեր են զգացողությունները, ախտանշանները, ցուցումները, և հետևաբար՝ բուժումները խիստ տարբեր պիտի լինեն, մինչդեռ կլինիկաներում չկա մասնագետների տարբերակում: Հաճախ նշանակվում են մեծ պահանջարկ վայելող մասնագետներ, որպեսզի հաճախորդներ ապահովեն, ածանցվում է նեղ մասնագիտական որակավորումը, իսկ պոլիկլինիկաներում, որպես կանոն, հաստիքների վրա ծանոթին խցկելու խնդիր է լուծվել, մանկական բաժանմունքներում չկան պահանջվող բժիշկներ, և սա քրոնիկ բնույթ է կրում, ինչը շատ մեծ վտանգներ է պարունակում:
Ի դեպ, այս վտանգավոր նշանակումներից մեկն օլիգարխ, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ում է եղել, և այսօր լիցենզիան կասեցվել է քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում։
«Աստղիկ» ԲԿ-ի գործադիր տնօրեն Ասատուր Ասատրյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այս օրերին զբաղված են անհրաժեշտ փաստաթղթեր հավաքագրելով:
«Այո, նախարարությունը մանկական քիթ-կոկորդի գծով կասեցման հրաման է տվել, կարծեմ՝ պահանջվող չափորոշիչներին մեր մասնագետը չի համապատասխանում, ասացին, որ վերապատրաստման խնդիր կա, մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել այդ բացը լրացնելու ուղղությամբ, և մեր համաքաղաքացիներին վստահեցնում ենք՝ առաջիկայում խնդիրը կլուծվի»,- 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց ԲԿ-ի տնօրենը:
Նշենք, որ մի քանի ծառայությունների մասով նույն «զրկանքը կրել» է «Արմենիա» ԲԿ-ն: Հանրության շրջանում Հանրապետական անունով հայտնի պետական այս բուժհաստատությունում խախտումների դեպքերը շատ են եղել, հետևաբար՝ կասեցվել են մի քանի լիցենզիաներ, իսկ թե հատկապես որ բաժանմունքներում, որ մասնագետների մասով՝ ԲԿ-ից և նախարարությունից ոչ մի կերպ հնարավոր չեղավ պարզաբանում ստանալ:
Նախարարությունը պահանջեց համապատասխան վճարում անել՝ 3000 դրամ, պաշտոնապես դիմել և հետո սպասել մի երեք օր, որպեսզի կարողանան մեկ ամիս առաջ ՊԵԿ-ին հանձնած թեթիկները նաև մեզ փոխանցել, իսկ «Արմենիա» ԲԿ-ում հեռախոսազանգերին միակ պատասխանող աղջիկը, որ, ենթադրաբար, գործադիր տնօրենի գործավարուհին պիտի լիներ, համառորեն չմիացրեց իր ղեկավարի հետ, չփոխանցեց մեր հարցը «շեֆին», որ բանավոր կամ մի քանի տող պարզաբանում ստանանք:
Եվ ուշագրավ է այն, որ նախարարությունը սա իրականացնելուց հետո լուռ է, չի ապահովել հանրային իրազեկում, պաշտոնական կայքում չի զետեղել կասեցված ծառայություններով ԲԿ-ների ցանկը:
Նախարարությունը խուսափեց 168.am-ի միջոցով ոչ բարեխիղճ բուժհաստատությունների ցանկը հանրայնացնել։ Թերևս, որոշակի պայմանավորվածություն կա նախարար Թորոսյանի և ԲԿ-ների միջև, կամ զուտ այն պատճառով, որ կլինիկաների համբավը, կոմերցիոն շահը հանրայնացումից չտուժի:
Նախարարության պաշտոնյային ուղղված հարցին՝ իսկ ինչպե՞ս է նախարարությունն իր կասեցրած լիցենզիաների մասով վերահսկողություն իրականացնում, մանավանդ, որ դեպքերը շատ են, իսկ նույն կլինիկաներում պատերին չկա փակցված համապատասխան ծանուցում, որպեսզի նաև հանրային վերահսկողություն իրականացվի, պատասխանն ապշեցնող էր՝ «Դե, մենք մեր գործն արել ենք, մնացածը թող ՊԵԿ-ը պարզի ու տուգանի իր մեթոդներով»:
ՊԵԿ-ի պարզելու համար միայն մեկ լծակ կա՝ ամեն ամսվա ավարտին հարկային մուտքերի տվյալների ստուգում, իսկ թե որքանո՞վ ՊԵԿ-ը հետևողական կլինի, որպեսզի չկրկնի զինվորների ապահովագրության համար աշխատուժից հավաքագրվող 1000 դրամների քրոնիկ պատմությունը, մեծ հարց է:
Սյուզի Բադոյան