Մասնավոր կլինիկաները տագնապի մեջ են. լիցենզիաները կվերանայվեն
Առողջապահության տեսչական մարմինը լայն թափով ստուգումներ է սկսել նախկինում տրված լիցենզիաների ոլորտում: Թիրախում ստոմատոլոգիական կենտրոններն են, բժշկական մասնավոր կլինիկաները, դեղատներն ու առողջական այլ ծառայություն մատուցող կենտրոնները: Ընդամենը երկու ամիս է՝ տեսչական մարմինն անցել է ստուգումների, բայց արդեն թվով 50-60 կասեցված լիցենզիաների դեպքեր կան: Սա նախարարության գործառույթն է, որը կիրառվում է կոշտ խախտումների դեպքում, երբ կատարված չեն լիցենզիոն պահանջները, իսկ այլ խախտումների հայտնաբերման դեպքերում տեսչական մարմինը տուգանքներ է սահմանում:
Այս պահի դրությամբ՝ արձանագրված խախտումներն էական ծավալ են կազմում:
ՀՀ Առողջապահության նախարարությունում այս ոլորտը համակարգող փոխնախարար Հովհաննես Հարությունյանը չի թաքցնում, որ ներկայիս ստուգումների հաջորդ քայլում պլանավորվում է լիցեզիաների տրամադրման կարգը խստացնել, իսկ դա նշանակում է, որ կվերանայվեն պահանջները, որոնց մասով կլինիկաների ղեկավարները հիմնականում մեծ դժգոհություն են բարձրացնում:
Բնականաբար, դժգոհության պատճառ կարող է դառնալ թեկուզև այն, որ բժիշկները պարտավոր են 5 տարին մեկ վերապատրաստվել, և այսօր այդ լիցենզիոն պահանջի այդ մեկ տողով, հնարավոր է՝ մի մասնավոր կլինիկայի բաժանմունք խնդիր ունենա պրոֆեսոր ղեկավարի պատճառով, կամ մի բժիշկ-օրթոդոնտ, որը գիտական ամենաբարձր կոչումներով, գիտական աշխատություններով հանդերձ՝ կարող է չանցնել տեսչականի թրի տակով, ինչ է թե՝ չունի այդ ձևական բնույթ կրող վերապատրաստման լիցենզիան:
«Որովհետև պրոֆեսորը չէր գնացել, ասենք, Բժշկական համալսարանի իր ուսանողների մոտ, որին դրել են վերապատրաստման կուրսեր անցկացնող, ու այդ երիտասարդ անփորձ աղջիկն իր դասախոսին պիտի իբր զիներ վերապատրաստման կուրսերով, կորցրած շաբաթների դիմաց էլ մի թերթի կտոր տար՝ որպես լիցենզիա»,- դժգոհում է մասնագետներից մեկը:
Մեկ այլ բժիշկ ատամնաբույժ էլ իրենց ոլորտի խնդիրն է բարձրացնում՝ մասնավորապես՝ ատամնաբուժական կենտրոնների խնդրով:
Վկայակոչում են իրենց համար խնդիր դարձած ռենտգենոլոգ ունենալու օրենքի պարտադիր պահանջը, մինչդեռ այս հաստիքը, ըստ իրենց, լրիվ ձևական բնույթ է կրում ժամանակակից աշխարհում:
Ասում են՝ «Դեմ չենք, բայց պահանջը գրելիս՝ հաշվի չի առնվել պարզունակ բաներ: Օրինակ, այն, որ այսօրվա տեխնիկան նախկին ճառագայթող ռենտգեն-սարքավորումներից ծայրահեղորեն տարբերվում է, որի համար ստիպված չենք լինում նախկինի պես Ատոմակայանից լիցենզիան ստանալու համար հատուկ սենյակ կառուցել՝ ցինկապատ պատերով, օդափոխության նորմավորված չափով և հատուկ կահավորանքով հարմարեցված։ Այսօրվա սարքավորումը ճառագայթման սանդղակով նվազեցված է անգամներ, անվտանգ է առողջության համար, կիրառումն է հեշտ, որովհետև նաև ծավալն է փոքր»:
Այսօրվա ռենտգենոլոգին նաև հատուկ անվտանգ հագուստով զինելու կարիքը չկա: Նա փաստացի «կոճակ սեղմող» է աշխատում, չէ՞ որ ռենտգենի տեխնիկան ընդամենը պատին կախված կամ ձեռքում օգտագործելու հարմարավետ սարք է, համակարգչային ծրագրով ամեն ինչ պատկերավոր ցույց է տալիս, մնում է՝ այն կիրառողը միայն վրայի կոճակը սեղմի, այդքան բան:
«Ընդ որում, այդ կոճակը սեղմելիս էլ պետք է հաշվի առնել, որ մշտապես բուժող բժիշկը զուգահեռ մասնակցում է հետազոտման ակնթարթային պրոցեսին, որպեսզի ատամի ճիշտ դիրքը կամ դիմածնոտային ռենտգենի դիրքը որոշի: Իսկ վերջում, միևնույն է, սարքի արձանագրած պատկերը բուժող մասնագետն է կարդում՝ միջամտությունը կատարելու համար։ Ստացվում է՝ ձեռքի հետ մի օգնական է պահում կլինիկան, բայց այդ աշխատուժի կարիքը չկա, բուժքույրը լիովին ի վիճակի է այդ գործողությունն անել»,- այսպես են նկարագրում կլինիկաների ղեկավարները:
Բայց սա օրենքի պահանջ է, որի համար, փաստորեն, մինչ օրս ձևական գրանցումով մասնագետ են պահել շատերը, որըն, ըստ էության, գրանցված է եղել մի շարք կլինիկաներում՝ իրավիճակը փրկելու համար։ Այսօր այդ մասնագետները ևս օրենքը խախտած մարդիկ են համարվում, քանի որ գերազանցում են աշխատանքային օրենսգրքով սահմանված շաբաթական 48 ժամ նորմը:
Միակ լուծումը, որ առաջարկում է Առողջապահության նախարարությունը՝ իրենց կից Առողջապահության ազգային ինստիտուտում վերապատրաստումն է ՝ շաբաթական 20 հազար դրամ վճարելով: Իսկ լիցենզիան ստանալու ֆորմալ կուրսերը նվազագույնը երկու շաբաթ պիտի լինեն, ավելիի դեպքում շատ ավելի մեծ վճարներ են նախատեսվում: Ատամնաբուժական կենտրոնների սեփականատերերը հույս ունեն, որ այս ձևական բնույթ կրող չափորոշիչը կվերանայվի շուտով և բյուջե փող լցնելու միջոց չի դիտարկվի:
Սյուզի Բադոյան