Ստյոպա Սաֆարյանի կազմակերպած քննարկման բանախոսները՝ լրատվամիջոցների մուտքի արգելքի մասին
Հոկտեմբերի 29-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում կազմակերպվել է «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը:
Քննարկման կազմակերպիչներն ազդագիր են տարածել՝ արգելելով որոշ լրատվամիջոցների մուտքը քննարկմանը։
«Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Քննարկման հիմնական բանախոսներն են ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ և նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը (ենթակա է հաստատման):
168.am-ը քննարկման բանախոսներից փորձեց ճշտել՝ ինչպես են վերաբերում նրան, որ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը նման արգելք է սահմանել միջոցառման լուսաբանման համար։
Արամ Զ. Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի գնալու այդ քննարկմանը և այլ հարցերի հեռախոսով չպատասխանեց։
Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում նշեց. «Չեմ գնալու այդ քննարկմանը, այլ գործեր ունեմ, բայց լրատվամիջոցների համար մուտքի արգելքը սխալ եմ համարում, չեմ ողջունում, բայց, գիտեք, մյուս կողմից՝ Ստյոպա Սաֆարյանն է այդ կենտրոնի ղեկավարը և ինքն է որոշում կայացնում. այլ բան չեմ կարող ասել»։
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ ասաց, որ ներկա է գտնվելու այդ միջոցառմանը և հանդես է գալու որպես գլխավոր բանախոս։
«Իսկ ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցների մուտքի արգելքին, ապա պետք է ասեմ, որ շատ վատ եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց նաև հարգում եմ, քանի որ կազմակերպիչներն են այդպես որոշել։ Ինձ համար նման որոշումն անընդունելի է»,- ասաց Բաբաջանյանը։
Քննարկման մյուս բանախոսեներից՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանից և քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանից իրենց տեսակետը ճշտել չհաջողվեց, քանի որ նրանք չպատասխանեցին հեռախոսազանգերին։
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ