Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնաուխմբը նիստ է գումարել
Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստը: Այս մասին հաղորդում են ՀՀ անվտանգության խորհրդից։
«Նիստը նախագահում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց Միջգերատեսչական հանձնախմբի 1-ին նիստի որոշմամբ ռազմավարական փաստաթղթի մշակման համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կատարած աշխատանքները, ռազմավարության կառուցվածքի և բովանդակության մշակման ուղղությամբ գրանցած հաջողությունները, ռազմավարության առանձին գլուխների նախատեսվող պարունակությունը։
ԱԽ քարտուղարը նաև նշեց, որ, աշխատանքների բոլոր փուլերին զուգահեռ, Անվտանգության խորհրդի գրասենյակը հանդիպումներ է կազմակերպել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական հանրույթի, լրագրողների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հաջորդիվ եղան ելույթներ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։