«Սա աբսուրդ է. ուզում եմ այս եթերով նրանց զգուշացնել». Արծվիկ Մինասյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը
– Պարոն Մինասյան, հեղափոխությունից հետո ցմահ ազատազրկման դատապարտվածներն ակտիվացել են՝ ներման խնդրագրեր գրելով։ Դուք սա ինչո՞վ եք պայմանավորում։
– Անցյալ տարվա ժողովրդական հուժկու շարժումից հետո ակտիվացում է նկատվում նաև ցմահ դատապարտյալների մասով. ակնհայտ է, որ այդ մասով խնդիրներ կան, դա շատ վաղուց էր հայտնի, նույնիսկ այն ժամանակ, երբ գնդակահարությունը փոխարինվեց ցմահ դատապարտմամբ: Բայց այս հախուռն ներկայացումը, այս արագընթաց դիմումները վկայում են այն մասին, որ մի մասը մտածում է՝ արժեքային իշխանության համակարգ չունենալու հանգամանքով պայմանավորված, ավելի հեշտ կարող է հասնել իր նպատակին և ազատ արձակվել, մյուս մասը, տեսնելով դատարանների նկատմամբ տոտալ ճնշումը, մտածում է՝ իրենք ճնշում գործադրեն դատարանների վրա, և դատարանները բավարարեն նրանց բերած միջնորդությունները: Իհարկե, կան նաև անձինք, որոնք կարիք ունեն դիմելու և հատկապես նոր երևան եկած հանգամանքներով նոր քննություն անցնելու, բայց սա որևէ ձևով չի վերաբերում բոլոր ցմահներին։ Կան հանցագործներ, որոնց պատժի տեսակի փոփոխությունն անթոյլատրելի է, որովհետև հարվածել են պետականության ողնաշարին։
– Հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար, ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
– Ոչ միայն այդ դեպքն է, այլ նաև Աշտարակի նախկին գործկոմի նախագահին 90-ականներին սպանած բանդայի ղեկավարն էր նաև որոշ ժամանակ առաջ դիմել, և ամենավատն այն է, որ այդ դիմումների ժամանակ ոչ միայն չկա պատասխան հարցին, թե այդ անձինք զղջացել են, կամ ինչ օրինակ են ծառայել սերունդներին, այլ նաև այն, որ հասարակության մեջ ներարկում են այն, որ բոլոր դատապարտվածները նախկին հանցավոր ռեժիմի կողմից են դատապարտված և լկտիաբար շատերն իրենց համարում են քաղաքական բանտարկյալ: Իսկ «Հոկտեմբերի 27»-ի գործով սա մի ակցիա է՝ ընդդեմ ՀՀ պետականության և արժեքային համակարգի։
– Քաղաքական լրահոսի մյուս կարևոր թեման կապված է Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի հետ, որով կրկնակի բարձրացվեցին նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը, իսկ նրա խոսնակն էլ գաղտնիության բաղադրիչը պայմանավորեց պարգևավճարների հետ կապված աղմուկից խուսափելու հանգամանքի հետ։
– Ես այն մարդկանցից եմ, որը մշտապես հանդես է եկել պետական ծառայության համակարգը բարեփոխելու և արժանապատիվ աշխատավարձ տալու դիրքերից։ Այո՛, ակնհայտորեն աշխատավարձը ցածր է, սակայն դա իրականացնել քողարկված ձևով, ինձ համար ընդունելի չէ։ Ես հիմա չեմ պատկերացնում, թե ի՞նչ սխեմայով է դա արվել։ Իրենք պետք է ներկայացնեն տեղեկատվություն, թե նախարարների աշխատավարձն ինչի հաշվին է կրկնապատկվել։
Այս դեպքում Կառավարությունն էլ չի կարողանում հստակ պատասխանել, թե ի՞նչ մեխանիզմով է այն իրականացվել։
– Ասում են՝ վարչապետի գաղտնի որոշումն է. չի մեկնաբանվում։
– Չի կարող էդպիսի բան լինել, վարչապետը չի կարող այդպիսի գաղտնի որոշում կայացնել, հանրային ծառայության վարձատրությունը չի կարող գաղտնի լինել։ Մենք ունենք «Վարձրատրության մասին» օրենք, որի մեջ կան գործակիցներ, որոնք իրար հետ կապ ունեն, հիմա եթե այդպիսի քայլ է արվել, դա առնվազն դատապարտելի է, որովհետև ազնիվ կլիներ, եթե բերեին Ազգային ժողով և հիմնավորեին։ Ի վերջո, իրենք խոսում էին թափանցիկության մասին և, եթե խախտել են իրենց կողմից հայտարարած կանոնները, դրա պատասխանը պետք է ժողովուրդը տա։
– Դառնալով խորհրդարանի գործունեությանը. իշխող ուժը լիագումար նիստերի օրակարգ չընդունեց ընդդիմադիր խմբակցությունների նախագծերը, որոնցից մեկը, օրինակ, վերաբերում էր եկամտահարկի վերադարձման համար մինչև 50 միլիոն դրամի սահմանաչափին, մյուսը՝ կրթաթոշակների բարձրացմանը՝ հիմնավորմամբ, որ բյուջեում այդքան փող չկա, և բյուջեն «կաուչուկից» չէ: Եթե գումար չկա, ինչպե՞ս է կառավարությունը, օրինակ, 48 միլիոն դրամ հատկացնում վարչապետի ձեռագիր երկու տողը պաստառների տեսքով ՀՀ-ում և Արցախում փակցնելու և այլ ծախսերի համար։
– Ես զարմանում եմ, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը չի օգտվում իր լիազորություններից, քննիչ հանձնաժողով չի ձևավորում և այդ ծախսերի արդյունավետությունը չի քննարկում, ներառյալ՝ մեկ աղբյուրից կատարված գնումները, այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունը նախկինում ոխերիմ ձևով քննադատում էր մեկ աղբյուրից կատարված գնումները։
– Հաջորդ ամենաքննարկվող հարցը կապված է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ. Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված է քրգործ, ձերբակալված է Արսեն Բաբայանը, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն արդեն հարցաքննվել է ՀՔԾ-ում…
– Իրենք տեսան, որ իրավական ճանապարհով հնարավոր չէ ազատվել ՍԴ օրինական ընտրված նախագահից, փորձել են մեկ այլ գործիք օգտագործել. արհեստական քրեական գործի հարուցում. սա աբսուրդ է, և ուզում եմ այս եթերով իրենց զգուշացնել և հայտարարել, որ ԵԽԽՎ-ի կողմից տրվել է քաղբանտարկյալի 5 չափանիշը, եթե այս գործի շրջանակում կիրառվի կալանավորումը, ապա Հրայր Թովմասյանին, Արա Բաբլոյանին, Արսեն Բաբայանին ազատությունից զրկելն ակնհայտորեն տեղավորվում է քաղբանտարկյալի չափանիշի մեջ։
– Ի դեպ՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՔԾ-ին խնդրել է պարզաբանումներ տրամադրել Արսեն Բաբայանի ձերբակալման վերաբերյալ։
– Արման Թաթոյանը շատ լավ մարդու իրավունքների պաշտպան է, և զարմանում եմ, որ նա մինչև հիմա կոպիտ և կոշտ չի արտահայտել. իր դիրքորոշումը։
– Հեղափոխությունից հետո նոր իշխանությունն անընդհատ բարձրաձայնում է նախորդների արած անարդյունավետ ծախսերի և մսխումների մասին, երեկ «168 Ժամը» Սահմանադրական դատարանից գրավոր հարցմամբ պարզել է, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն ընտրվելուց ի վեր չի մասնակցել որևէ նիստի և որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր, իր բացակայությունների հարգելիության վերաբերյալ չի ներկայացրել որևէ տեղեկատվություն, բայց ստացել է 4 անգամ՝ պարգևավճար, ծառայողական մեքենա, ամեն ամիս՝ 240 լիտր բենզինի կտրոն: Ազգային ժողովն այս հարցում ասելիք չունի՞։
– Նախ՝ անուշ լինի, ինչ որ ստացել է։ Եթե իշխող խմբակցությունն իր ապօրինի վարքագիծ դրսևորած կադրին չի ցանկանում պատասխանատվության ենթարկել, որի հիմքը արդեն կա, մյուս խմբակցությունները կարող են այստեղ քայլ անել, որը, սակայն, չենք տեսնում։ Վահե Գրիգորյանն իր այս վարքագծով ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի Սահմանադրական դատարանի դատավորը և առհասարակ պետական պաշտոնյան, նա ցույց է տալիս, թե ինչպիսի անպատասխանատու վերաբերմունք չպետք է անձը ցույց տա, որը ԱԺ-ում ընտրվելուց հետո՝ խախտելով բոլոր օրենքները, էթիկայի կանոնները, իրեն հռչակում է Սահմանադրական դատարանի նախագահ և հիմա փորձ է անում սահմանադրական այս ինստիտուտը ոչնչացնել, և՝ ոչ միայն։ Ցավոք սրտի, այսօր վահեգրիգորյանական մոտեցումն այս իշխանության համար դարձել է ուղղորդող, Մովսեսի կողմից Աստծո օրենքները մեկնաբանող նորմեր, անբացատրելի է սա։
– Իսկ Նիկոլ Փաշինյանն ասելիք չունի՞։
– Կարծում եմ, որպես քաղաքական մեծամասնության ղեկավար՝ միանշանակ՝ ունի, ավելին, պարտավոր է։
Մանրամասները՝ տեսանյութում:
ԱՂԱՎՆԻ ՍՈԻՔԻԱՍՅԱՆ