«Նիկոլից վերցրեք նրա ուղիղ եթերն ու հեռախոսը և թողեք մենակ, նա կդառնա աշխարհի ամենավախկոտ մարդը». Արթուր Համբարձումյան
168.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ
– Պարոն Համբարձումյան, այսօր ամենաքննարկվող հարցը Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է տեղի ունենում, ստեղծված իրավիճակի վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք։
– Երբ երկրի վարչապետը եկել է իշխանության, առաջին օրվանից փորձել է ամբողջությամբ պետության կառավարման համակարգը վերցնել իր կառավարման տակ: Այսինքն՝ իրեն ենթարկեցնել գործադիր և օրենսդիր իշխանությունները, ինչպես նաև դատական համակարգը։ Այս ամենը նրա մոտ սկսվել է շատ ավելի առաջ, երբ կուսակցությունն ամբողջությամբ իր գրպանը դրեց, ինչը, բնականաբար, այսպիսի հանրային մեծ ռեզոնանս չստացավ։ Մի անգամ արդեն ասել եմ, որ 2017 թվականին այդ մարդը պարզապես առանց հիմքերի լուծարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպությունը, որից հետո կուսակցությունը հայտնվեց նրա գրպանում։
Հիմա Կառավարությունը, օրենսդիր մարմինն ամբողջությամբ ենթարկվում են Փաշինյանին։ Սա մի քիչ աբսուրդ է, պատկերացնո՞ւմ եք, նախկին լրագրողն այսօր երկրի ղեկավարն է և միլիոնավոր մարդկանց կյանքի որակն ու ճակատագիրը կախված է նրանից։ Սա արդեն ազգային տրագեդիա է, այսինքն՝ Կառավարությունը, օրենսդիր մարմինն ամբողջությամբ գտնվում է տվյալ մարդու ենթակայության տակ։ Նախագահը, որն օրենսդրության համաձայն՝ երկրի գլուխն է, այսօր բացարձակապես գոյություն չունի։ Այս ամբողջ գործողությունների երրորդ փուլը դատական համակարգն իրեն ենթարկեցնելն է։ Այն, ինչ այսօր կատարվում է Սահմանադրական դատարանում, պետք է ուղղակի դիտարկել այս համատեքստում։ Բնականաբար, Փաշինյանն այս ամենը չի ավարտելու ՍԴ-ով, քանի որ հեռահար նպատակներ ունի՝ իր ազդեցությունը սփռելու նաև Արցախի վրա, սրան այսօր մենք նույնպես ականատես ենք լինում։
Այսինքն՝ Սահմանադրական դատարանի ու Արցախի խնդիրը մեկ տրամաբանության մեջ են գտնվում։ Այս ամենի հետ կապված հետաքրքիր է նաև իր բացատրությունը, ասում է՝ ժողովրդի վարչապետն է… ի դեպ, աշխարհում որքան այլանդակություններ են եղել, տեղի են ունեցել ժողովրդի անունից։ Հիմա այս մարդն էլ ասում է, որ ժողովուրդն իրեն իշխանություն է տվել, և ամբողջ պետության կառավարման համակարգը պետք է ենթարկվի իրեն: Այսինքն՝ եթե իրեն չի ենթարկվում, ապա չի ենթարկվում ժողովրդին։ Այս ընթացքում այն մարդիկ, ովքեր կխոչընդոտեն իր «ազգակործան» նպատակներին, իր և իր կողմնակիցների համար կհայտարարվեն ժողովրդի թշնամի։ Սրանց թվում է, որ ժողովուրդը պետք է իշխի նաև դատական համակարգի վրա, սա աբսուրդ է, որևէ երկրում նման բան չի կարող լինել։
Այս ամենի համատեքստում՝ այս մարդը նաև ասում է, որ Արցախը մարզ է, այսինքն՝ սա նշանակում է, որ Արցախը պետք է ենթարկվի իրեն։ Մի կողմից՝ նա ասում է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը բանակցություններում պետք է ներկայացնի Արցախը, մյուս կողմից՝ Արցախի ստատուսն իջեցնում է, երևի այս մարդու մոտ ինչ-որ մթագնում կա, ադեկվատ չէ։ Եթե այսպես ենք տրամաբանում, ապա Ալիևն ինչպե՞ս կարող է հանդիպել այն երկրի ղեկավարի հետ, որը ստատուսով իրենից ցածր է։ Փոխանակ բարձրացնի Արցախի սուբյեկտայնությունը՝ որպես առանձին պետություն, իր ազգակործան նպատակներին հասնելու համար Արցախի սուբյեկտայնությունն իջեցնում է և հավասարեցնում մարզի։
Փաշինյանը նաև փորձում է ճնշել ԶԼՄ-ներին, Հայաստանում երբեք այսքան դատական հայցեր լրատվամիջոցների դեմ չեն եղել։ Փորձում է նաև եկեղեցուն ճնշել:
– Նշեցիք, որ ամեն ինչ վարչապետն անում է ժողովրդի անունից, Ձեր կարծիքով՝ որքա՞ն ժամանակ նա կարող է գործել միայն ժողովրդի անունից, և այս ամենը մինչև ո՞ւր կարող է հասնել։
– Չգիտեմ, թե որքան կարող է ժողովրդի անունից գործել, բայց գիտեմ, թե այս ամենն ինչպես է ավարտվելու՝ սա ավարտվելու է շատ վատ։ Բացեք պատմության դասագրքերը և տեսեք, թե ինչպես են ավարտել նացիոնալիստները, ֆաշիստները, և կտեսնեք, թե վերջում ամեն ինչ ինչպես է ավարտվում։ Նաև կարծում եմ, որ իր այս քաղաքականության ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել:
– ՍԴ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ինչպիսի՞ ելք եք տեսնում։
– Ուղղակի Հրայր Թովմասյանին ամրություն եմ ցանկանում, նա պետք է գիտակցի, որ այս պահին հսկայական միսիա է իր վրա դրված։ Ինքս Հրայր Թովմասյանի գործունեության ֆանատը չեմ եղել, մեղմ ասած, բայց այնպես է ստացվել, որ այսօր նա հայտնվել է պետության համար շատ կարևոր վայրում, նա պատմական ֆունկցիա է կատարում։ Նաև մարդկանց կոչ եմ անում, որ ամեն կերպ աջակցեն և՛ նրան, և՛ այն դատավորներին, որոնք չեն ենթարկվում «ժողովրդին»։ Այն բոլոր գործողությունները, որոնք այսօր ուղղված են Հրայր Թովմասյանի դեմ, ունեն կոնկրետ քաղաքական ենթատեքստ և ՀՀ վարչապետի քմահաճույքները բավարարելու նպատակ, իրավական որևէ գործընթաց տեղի չի ունենում։ Այս մարդիկ օրենքը կիրառում են ընտրանքային ձևով. եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տար, իրենք նրա ծնողին և աղջիկներին, բնականաբար, չէին հարցաքննի։ Ստացվում է, որ իշխանությունը վերցրել են իրենց ձեռքը և ինչպես ուզում, այնպես էլ վարվում են այդ իշխանության հետ։ Այսինքն՝ եթե իրենց «մարդը» չէ, ուրեմն՝ օրինական որևէ գործողություն չեն անի, եթե իրենցն է, ապա ամեն ինչ կարելի է։ Հարց եմ տալիս, այդ որ ասում են՝ նախկին ռեժիմի ներկայացուցիչներ, Արթուր Դավթյանը նախկին իշխանության ներկայացուցիչ չէ՞, նա չէ՞ր, որ սանկցիա էր մտցնում Ազգային ժողով, որպեսզի Նիկոլ Փաշինյանին կալանավորեն։ Բա Արթուր Դավթյանի նկատմամբ ինչո՞ւ որևէ գործողություն տեղի չի ունենում, թե՞ նա իր «կրոնը» փոխեց… նրա նման հարյուրավոր պաշտոնատար անձինք կան հիմա։ Այն մարդկանց, որոնք մնացել են իրենց սկզբունքներին՝ հռչակել են ժողովրդի թշնամի։
– Պարոն Համբարձումյան, ամբողջ զրույցի ընթացքում Դուք քննադատեցիք իշխանություններին, բայց հեղափոխություն է տեղի ունեցել։
– Նախ՝ հեղափոխություն չի եղել, հեղափոխությունն ունի կոնկրետ սահմանում, որի ժամանակ տեղի է ունենում կարգերի փոփոխություն՝ սոցիալական կարգերի, տնտեսական հարաբերությունների, կառավարման համակարգի փոփոխություն։ Հիմա այս մարդիկ ասում են՝ հեղափոխություն ենք արել, բայց Սահմանադրություն չի փոխվել, գլխավոր դատախազը նույնն է, ուժային համակարգը նույնպես ամբողջությամբ նույնն է մնացել։ Հիմա որ ասում եք՝ հեղափոխություն է եղել, այդ հեղափոխությունը ո՞րն էր, որ Տարոն Մարգարյանի աներձագին փոխարինեց Նիկոլ Փաշինյանի աներձա՞գը։ Ռեալ Հայաստանում ի՞նչ է փոխվել։
Հանրային հեռուստաընկերությունը, որը նախկին իշխանությունների ձեռքի գործիքն էր, հիմա էլ դարձել է այս իշխանության ձեռքի գործիքը և ավելի բիրտ ձևով։
Հիշեցնեմ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ լրագրողը հացադուլ անի և բանտում մահանա, սրանց օրոք եղավ։ Տեղի ունեցածն ընդամենն իշխանափոխություն էր, և հուսամ՝ կպարզվի, թե այս իշխանափոխությունն ում կազմակերպմամբ է եղել։ Հաջորդ իշխանության քայլերից մեկը պետք է լինի սա, թե վերջը ինչպե՞ս եղավ այդ իշխանափոխությունը։ Ինչպե՞ս եղավ, որ մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսում է իր քայլը, իսկ ապրիլին նոր ՀՀԿ-ն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն է առաջադրվելու վարչապետի թեկնածու, բայց դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլում էր արդեն։ Հիմա Փաշինյանին հրապարակային հարց եմ տալիս՝ որտեղի՞ց գիտեր, որ Սերժ Սարգսյանն առաջադրվելու էր։
– Այդուհանդերձ, հեղափոխության 1,5 տարիների ընթացքում որևէ դրական փոփոխություն չե՞ք արձանագրել։
– Ինձ համար մեկ դրական բան է եղել, որի համար ես միշտ շնորհակալ կլինեմ Նիկոլին։ Նախ՝ ավելի լավ եմ սկսել ճանաչել իմ շրջապատը, այսինքն՝ իր պատճառով ես սկսեցի ավելի ճիշտ ռակուրսով նայել մարդկանց։ Ինչ վերաբերում է պետությանը, պետք է ասեմ, որ ամեն ինչ պռավալ է տվել՝ Արցախի հարցը, հայ-ռուսական հարաբերությունները, կառավարման համակարգը, կադրային քաղաքականությունը, և այլն։ Մենք երբեք նման անդեմ խորհրդարան ու կառավարություն չենք ունեցել։ Նայենք կառավարության անդամներին ու ԱԺ պատգամավորներին, քանի՞սն են ծառայել բանակում, նման ներքին ու արտաքին խայտառակ իրավիճակ մենք չենք ունեցել։
– Իսկ դրական քա՞յլ չէր, որ վարչապետը եկավ Գյումրի, ուշադրություն դարձրեց հայրաքաղաքին, այդքան մարդիկ եկան ՀՀ անկախության օրը, Ձեզ համար այս քայլը գնահատելի չէ՞։
– Եթե այդպես նայենք, մաքսատունը տեղափոխում են Գյումրի, կամ վաղը Վանաձորում կարող են ինչ-որ փառատոն անցկացնել։ Այսքան խայտառակությունների մեջ, որ տեղի են ունենում, սա շատ փոքր բան է։ Եթե խոսքը Գյումրու մասին է, ապա կուսակցությունում միշտ ասել եմ, որ ՀՀ խնդիրների լուծման ճանապարհին մենք պետք է կարողանանք իշխանությունն ապակենտրոնացնել, և Գյումրին պետք է լինի այն տեղը, որտեղ դա պետք է տեղի ունենա։
Այսինքն՝ Գյումրի պետք է տեղափոխվեն գերատեսչությունները, և այն դառնա քաղաքական որշումների կայացման վայրերից մեկը։ Այն ժամանակ նրանք իմ կարծիքին չէին էլ ընդդիմանում։
Գյումրիում զբոսաշրջիկների հոսքը սկսվել է դեռևս 2016-2017 թվականներից, երբ սկսեցին վերանորոգել Ռուսթավելի փողոցը՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ջանքերով։ Ի դեպ, իրենց իշխանության գալուց հետո ներդրումային ողջ ծրագիրը կասեցվեց։ Ունեինք 2300 ընտանիքներ, սա ֆիքսված էր իմ ու պարոն Փաշինյանի կողմից, որոնք ապրում էին տնակներում։ Երբ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ 450 ընտանիք կա։ Հա, ի դեպ, Գյումրիում այս տարի ֆանտաստիկ գեղեցիկ աշուն եղավ, դա ես գնահատում եմ:
– Իսկ Դուք չե՞ք վախենում, որ իշխանություններին նման կերպ քննադատելով՝ կհայտնվեք իշխանությանը սատարող մարդկանց թիրախում, մասնավորապես՝ համացանցում։
– Չեմ վախենում ոչ թե նրա համար, որ անվախ եմ, պարզապես վախենալու բան չկա։ Ումից վախենամ կամ չվախենամ, բայց Նիկոլ Փաշինյանից, նույնիսկ ցանկության դեպքում, չեմ կարող վախենալ, քանի որ նա ամենավախկոտ մարդն է, ում հետ ինքս երբևէ կյանքում շփվել եմ։ Նիկոլից վերցրեք նրա ուղիղ եթերն ու հեռախոսը և թողեք մենակ, նա կդառնա աշխարհի ամենավախկոտ մարդը։
Զվարթ Խաչատրյան