«Հակամարտող երկրների ռազմական ծախսերի միջև պետք է հնարավորինս շատ հավասարակշռվածություն լինի». փորձագետ

«Հակամարտությունների զսպման համար կողմերը ձգտում են ուժային հավասարակշռություն պահպանել, որպեսզի կողմերից մեկը մյուսի հանդեպ մեծ առավելություն չունենա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով 2020 թվականին նախատեսվող ռազմական բյուջեում ներառված ՊՆ ծախսերին:

Նշենք, որ 2020 թվականի պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերն աճել  են ընդամենը 0,8%-ով: Սակայն մեր ռազմական բյուջեն ընդհանուր առմամբ ավելի քան 3 անգամ պակաս է լինելու, քան Ադրբեջանի ՊՆ բյուջեն: Հայտնի է, որ հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է 2020թ․ բյուջեի նախագիծը, ըստ որի` պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել 3 մլրդ 853 մլն մանաթ (2 մլրդ 267 մլն ԱՄՆ դոլար՝ հոկտեմբերի 18-ի փոխարժեքով), ինչը  նախորդ տարվա 3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով։

Թրեյսի Ջերմանն ասաց, որ պետք է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ՀՀ իշխանությունները, ինչու չեն ավելացնում ծախսերը՝  պահպանելով հավասարակշռությունն Ադրբեջանի հետ ռազմական բյուջեի միջև, և ինչ առաջնահերթություններ են սահմանել: Սակայն, ըստ նրա, նման հակամարտությունների առկայության պայմաններում նման որոշման կայացման համար պետք է հաշվի առնել հակամարտության գոտում առկա ռիսկերը, հակառակորդի ռազմական բյուջեն և ռազմականացվածության մակարդակը:

«Սովորաբար նման հակամարտությունների զսպման համար կողմերը ձգտում են ուժային հավասարակշռություն պահպանել, որպեսզի կողմերից մեկը մյուսի հանդեպ մեծ առավելություն չունենա, դա չափազանց կարևոր է հակամարտությունը զսպելու համար: Բնականաբար, դա կախված է նաև տվյալ երկրի հնարավորություններից, ռեսուրսներից:

Այս իմաստով հավասարակշռությունը ստատուս-քվոյի պահպանման երաշխիքներից մեկն է: Պետք է դիտարկել նաև այն հանգամանքը, որ կառուցողական բանակցություններ ԼՂ հակամարտության կարգավորման համար ներկայումս չկան:

Այսինքն՝ կան բանակցություններ, սակայն դրանք որևէ համաձայնության չեն հանգեցնում, կողմերը փոխանակվում են սպառնալիքներով, ժամանակ առ ժամանակ գրանցվում են զոհեր, վիրավորներ շփման գծում, լարվածություն է բռնկվում, ինչը պատերազմի վերսկսման սպառնալիք է:

Նորություն չի լինի նաև այն, եթե ասեմ, որ հակամարտող երկու երկրներն էլ չափազանց ռազմականացված են, ժամանակ առ ժամանակ ստուգում են միմյանց զգոնությունը շփման գծում ու սահմանին, ուստի կարծում եմ, որ հարկավոր է ձգտել հավասարակշռության:

Սակայն հասկանում եմ նաև այն հանգամանքը, որ կողմերից մեկը փորձում է  այլ առաջնահերթություններ սահմանել, խաղաղ նպատակներ իրագործել: ԼՂ հակամարտությունը հնարավոր է եղել զսպել հենց հավասարակշռության շնորհիվ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս