Բաժիններ՝

«Ճիշտ չէ, որ Հայաստանում աֆրիկյան ժանտախտ չկա». Արամայիս Գալստյան

Այս տարի ամռան ամիսներին խոզերի անկումներ գրանցվեցին, օրինակ՝ Քարահունջում մեկ ամսվա ընթացքում անկեց ավելի քան 200 խոզ: Այս մասին հայտնեց ԱԻՆ-ը, գրեցին ու խոսեցին նաև քարահունջեցիները: Կոտայքի մարզի ՍԱՊԾ նախկին պետ Արամայիս Գալստյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վստահ է՝ խոզերի անկման պատճառը եղել է աֆրիկյան ժանտախտը:

«Ոչ միայն Քարահունջում, ամբողջ Հայաստանում խոզերի անկումներ եղան, բայց ոչ մի անգամ ՍԱՊԾ-ն չասաց, որ դա խոզերի աֆրիկյան ժանտախտ է: Փորձանմուշը հասնում է լաբորատորիա ուսումնասիրման, եթե ՍԱՊԾ-ն ասում է՝ չգրեք, ՀԱԲԼԾԿ-ն չի գրում: Հայաստանում խոզերը վերացել են, բայց չեն ասում՝ ինչից:

Ճիշտ չեն ասում, որ աֆրիկյան ժանտախտ չկա, թաքցնում են, իրենք ոչինչ ճիշտ չեն ասում, սիբիրախտ էլ չկա՞ : Ես ամռանն ասացի, որ, երբ կենդանիները դուրս գան արոտները, լինելու են կենդանիների անկումներ, չարորակ հիվանդություններից, էմկարից, սիբիրախտից, տարբեր բաներից:

15-20 օր հետո հեռուստատեսությամբ լսեցի, որ ժողովուրդը բողոքում էր, թե էմկարի դեմ ուշ սրսկեցին, այսքան վնաս կրեցինք: Մարտունու շրջանում սիբիրախտը վխտում է, մինչև հիմա էլ կա, օջախը չի վերացված, մարդիկ հիվանդացան, պառկեցին հիվանդանոցում, ոչ մի բան, քար լռություն ՍԱՊԾ-ի կողմից, չգիտեմ՝ իրեն (ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանին:- Ա.Հ. ) ո՞վ է հովանավորում, եթե սա մի նորմալ երկրում լիներ, ոչ թե գործից կհանեին, այլ դատի կտային: Թռչունների անկումներ ևս եղել են, Լուսակերտում բավականին մեծ անկում եղավ, բայց էլի ՍԱՊԾ-ն չաձագանքեց, դուրս է գալիս՝ Հայաստանում ամեն ինչ լավ է, բայց կենդանիներ են անկում»,- ասում է Կոտայքի մարզի ՍԱՊԾ նախկին պետ Արամայիս Գալստյանը:

Ըստ մասնագետի՝ այս սեզոնին պետք է զգուշանալ հողային ինֆեկցիաներից:

«Կանաչն արդեն կարճանում է, կանաչի հետ կարող է հող անցնել կենդանիների ստամոքսը, կարող է սիբիրախտ, էմկար և դաբաղ գրանցվել: Եթե դաբաղ գրանցվեց, Հայաստանը կհամարվի փակ երկիր, ոչ մի բան չեն թողնի արտահանել»,- ասաց Արամայիս Գալստյանը:

Անդրադառնալով Արտաշատի թիվ 5 դպրոցում գրանցված թունավորման դեպքին՝ Կոտայքի մարզի ՍԱՊԾ նախկին պետն ասում է՝ պատճառը վերահսկողության բացակայությունն է:

«Խախտումները միայն Արտաշատում չեն, բարեբախտաբար, այնտեղ  քիչ երեխաներ հիվանդացան, բոլոր դպրոցներում այդ վտանգը կա, կարող է վաղը-մյուս օրն էլ մեկ այլ մանկապարտեզում կամ դպրոցում նույն դեպքը լինի: Չկա հսկողություն»,- վստահեցնում է Արամայիս Գալստյանը:

Որպես լուծում՝ նա առաջարկում է ամեն ինչ անել օրինականության սահմաններում և թույլ չտալ, որպեսզի նոր կոռուպցիոն երևույթներ ի հայտ գան, ինչպիսին կարող է լինել, օրինակ, ՍԱՊԾ-ի կողմից խանութներին տրվող սպանդանոցային միս իրացնելու սերտիֆիկատը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս