«Եթե վարչապետի մոտ վրեժխնդրություն լիներ, մի 500 հոգի շատ ծանր պատիժ էին կրելու». «Իմ քայլական» պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը որևէ տարօրինակ բան չի տեսնում նրանում, որ Ազգային անվտանգության ծառաությունը հարցաքննել է Սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին՝ 75-ամյա հորն ու դուստրերին։

«Եթե դուք ԱԱԾ հաղորդագրությունը կարդաք, այնտեղ միայն Հրայր Թովմասյանի հարազատների նկատմամբ չեն գործողություններ կատարվել, այլ նաև մի քանի այլ մարդկանց։ Ես այդտեղ որևէ տարօրինակ բան չտեսա, գործի ընթացքը ցույց կտա, էլի պարզաբանումներ կլինեն, բացահայտումներ կլինեն, կտեսնենք: Այս պահին ես այդտեղ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Հարցին՝ եթե իշխանությունը չկարողանա հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը, խորհրդարանը կհեղինակազրկվի՞, պատգամավորը պատասխանեց.

«Սահմանադրական դատարանը պետք է բավարարի որոշակի չափանիշերի. Առաջին հերթին՝ պետք է ունենա հանրային լայն վստահություն: Այսօրվա ՍԴ-ն, եթե հիշեք, թե ինչպես է ձևավորվել, կհասկանաք, որ այդտեղ հանրային վստահության նշույլ անգամ չկա: Դատական իշխանությունն իշխանության թևերից մեկն է, և այն նույնպես պետք է բավարարի, վստահելի լինի: Ինչ վերաբերում է նրան, որ դա կարող է չլինել, չի կարող նման բան չլինել»:

Ճշտող հարցին՝ տեղի ունեցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վրեժխնդրություն չէ՞, Հայկ Գևորգյանը պատասխանեց.

«Ես 25 տարուց ավելի ճանաչում եմ վարչապետին, որից 20 տարին մի սենյակում ենք աշխատել: Նրա մոտ վրեժխնդրության նշույլներ անգամ չկան: Չի կարող լինել նման բան: Այն իշխանությունը, այն լծակները, որ ինքն ունի, եթե նրա մոտ վրեժխնդրության նշույլներ լինեին, այսօր մի 500 մարդ շատ ծանր պատիժներ էին կրելու: Բայց նման բան չկա»:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս