
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Ոստիկանությունը շարունակում է թմրամոլության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքն օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 11-ի սահմաններում, քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով` Էջմիածին քաղաքի Խորենացու և Անդրանիկի փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկեցին էջմիածնի Մաշտոցի փողոցի 58-ամյա մի բնակչի:
Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվեց յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված: Բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերված զանգվածը մարիխուանա է, պատկանում է իրեն, պահել է անձնական օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: