Իրականությո՞ւն, թե՞ խաբկանք. 35 եվրոյով Եվրոպա թռչելու «հմայքը»
Երեկ հայկական լրատվամիջոցների ու սոցցանցերի թիվ մեկ թեման իռլանդական «RyanAir» լոուքոսթերի՝ Հայաստան մուտքն էր, որը, ըստ երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ավիաընկերության ղեկավարների ու Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի համատեղ ասուլիսի ընթացքում հնչեցրած տվյալների, եվրոպական մի քանի ուղղություններով թռիչքներ իրականացնելու է միջինը 35 եվրոյին համարժեք դրամով:
Համընդհանուր ուրախությունը, իհարկե, հասկանալի էր, քանի որ ո՞վ չի ուզի, ենթադրենք, 70-80 եվրոյին համարժեք գումարով Եվրոպա գնալ ու վերադառնալ:
Ինչ վերաբերում է «RyanAir»-ի՝ Հայաստանին հետ կապված ծրագրերին, ավիաընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը երեկ ասել էր, որ առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Մեմինգենի հետ կկապվի մարտի վերջից:
«Մեր ընկերությունն ամենամեծն է Եվրոպայում, ունենք ամենամեծ ցանցը: Եվ ոչ միայն մեգահանգույցներում և մայրաքաղաքներում ենք չվերթեր իրականացնում, այլ միավորում ենք շրջանները: Մեզ համար, կոմերցիոն շահից բացի, կարևոր է նաև ինտեգրումը: Ունենք 86 բազավորման կետեր: Այն հնարավորություն է տալիս Հայաստանը կապել այդ կենտրոնների քաղաքների հետ: Վերջերս բացել ենք բազավորման կետեր Մարսելում, Թուլուզում և Բորդոյում, որտեղ շատ հայեր են բնակվում: Հաջորդ տարի նոր ուղղություններից են լինելու Վրաստանը, Լիբանանը: Սպասարկում ենք 152 միլիոն հաճախորդի, հաջորդ տարիներին ցանկանում ենք այդ թիվը հասցնել 200 միլիոնի»:
Անդրադառնալով ավիաընկերության տոմսերի արժեքին՝ Դեյվիդ Օ՛Բրայանը տեղեկացրել էր, որ ամենացածր արժեքը 4.99 եվրո է, իսկ միջին գինը տարբեր ուղղություններով՝ 35 եվրո: Տոմսերը կսկսեն վաճառվել այսօրվանից:
Նաև հայտարարվել էր, որ Երևանից յուրաքանչյուր ուղղությամբ շաբաթական երկու անգամ չվերթեր կիրականացվեն, սակայն հետագայում դրանք կավելանան: Ընկերությունը խոստանում է, որ չի բավարարվելու շաբաթական 6 չվերթով:
168.am-ի հարցին՝ որոշ ուղղությունների համար հնարավոր է տոմս ձեռք բերել անգամ 20 դոլարով, բայց Հայաստանում կա օդի տուրքի հարկ, որի գումարը կազմում է մոտավոր 20 դոլար, այդ պարագայում ինչպե՞ս եք 20 դոլարով տոմսեր վաճառելու Հայաստանում, նպատակահարմար էր համարել պատասխանել հանդիպմանը ներկա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ ասելով.
«Ես շուտվանից ասել եմ, որ առաջարկել ենք նոր ուղղությունների համար օդի տուրքը հանենք: Դա ընթացքի մեջ է»:
Մեր հաջորդ հարցին՝ հայտնի է, որ այլ երկրներում ընկերության մուտքի համար պետբյուջեից գումար է հատկացվում, արդյոք ՀՀ պետբյուջեի միջոցներից «RyanAir»-ին գումար հատկացվելո՞ւ է, Տաթևիկ Ռևազյանն արձագանքել էր.
«Օդանավակայանի, պետության և «RyanAir»-ի համագործակցության արդյունքում մի շատ լավ առաջարկ է արվել, որ կարողանա ընկերությունն առավել արդյունավետ աշխատի: Այսինքն՝ սուբսիդավորում չկա, լավ պայմաններ են առաջարկվել: Մենք չենք տվել այնպիսի արտոնություններ, որոնք պատրաստ չենք այլ ընկերություններին տրամադրել: Այսինքն՝ նոր ուղղությունների զարգացման համար լավ պայմաններ բոլորին ենք տրամադրում»:
Տաթևիկ Ռևազյանի պատասխանից, ըստ էության, չի հասկացվում, թե ի՞նչ պայմանների մասին է խոսքը, և եթե թռիչքները չեն սուբսիդավորվելու, ապա ավիաընկերությունն ի՞նչ շահ է ունենալու՝ Հայաստանում կոպեկներով եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնել:
Անհասկանալի է նաև, թե ի՞նչ պայմաններով է կնքվել պայմանագիրը՝ օդի հարկը արդեն հանա՞ծ, թե՞ դեռ ոչ, ու դա ինչպե՞ս է իրավաբանորեն կարգավորված, քանի որ օդի հարկը հանելու նախագիծ անգամ կարծես թե դեռ ներկայացված չէ:
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այս թեմային՝ մասնավորապես նշել էր. «Հիշեցնեմ, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ»:
Ինչպես նկատեցիք՝ կրկին չի խոսվում, թե որո՞նք են այդ լրացուցիչ խթանները:
Հատկանշական է, որ ըստ transportenvironment.org կայքի, «RyanAir»-ի գործող օդանավակայանների գրեթե կեսը գտնվում է Ֆրանսիայում (16) և Իտալիայում (7): Նրանք պետական օգնություն են ստանում կառավարություններից և տեղական իշխանություններից` ուղիղ վճարումների կամ հարկային արտոնությունների միջոցով:
2017 թվականին Փարիզ Վաթրին սպասարկել է ընդամենը 108.000 ուղևոր, սակայն, այնուամենայնիվ, ստացել է 3 միլիոն եվրո պետական սուբսիդիա՝ յուրաքանչյուր ուղևորի համար ընդամենը 30 եվրոյից ցածր գումար: T&E- ի ավիացիոն մենեջեր Էնդրյու Մերֆին ասել է. «Այս զեկույցը ներկայացնում է «RyanAir»-ի գործառնական ծախսերը սուբսիդավորող պետական փողերի հստակ պատկերը՝ ուռճացնելով նրա բամպերի շահույթը և արձանագրելով ջախջախիչ արտանետումներ: Այն դեպքում, երբ կառավարությունները պայքարում են ոլորտի կլիմայի ազդեցությունը վերականգնելու ուղղությամբ, առաջին քայլը պետք է լինի դադարեցնել սուբսիդիաները, որոնք միայն ավելի շատ յուղ են լցնում կրակին»:
Ի դեպ, այսօր տուրօպերատոր Լիլիթ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում մի շարք հարցեր ու խնդիրներ էր մատնանշել. «Կողքից նայելով համընդհանուր էյֆորիային ու խանդավառությանը՝ ուզում եմ հարց տալ տեղեկացված ու իրողությունը խորությամբ ուսումնասիրած կոլեգաներիս։
1. «RyanAir»-ը կանգնած էր սնանկացման եզրին, լուծվեցի՞ն նրանց ֆինանսական խնդիրները, թե՞ դեռ ոչ։
2. Ի՞նչ պայմաններով է այն մտնում մեր շուկա, պետության կողմից սուբսիդավորում լինելո՞ւ է ուղևորի համար, թե՞ ոչ։
3. Օդային ուղևորափոխադրումներից պետբյուջե մտնող միակ հարկը (10000 KC) պահպանվելո՞ւ է, թե՞ ոչ»:
Նշյալ գրառման մեկնաբանություններում տուրօպերատորը լրացուցիչ տվյալներ է ներկայացրել.
«1. Պետբյուջե մտնող միակ հարկը հանված է իրենց վրայից։ 2. Ավիաընկերությունը վճարելու է 8 եվրո հարկ, 41 եվրոյի փոխարեն՝ գերծայրահեղ տարբեր մրցակցային պայմաններ մյուս ավիափոխադրողների համեմատ, ինչի հետևանքները շատ չեն սպասեցնի, 3. Պետությունը սուբսիդավորում է մեկ ուղևորի համար 21 եվրո»:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները երեկ մենք հստակ չլսեցինք: Արդյո՞ք այս լոուքոսթերի մուտքը հակամրցակցային խնդիր չի առաջացնելու, արդյո՞ք պետության համար ձեռնտու է, թե՞ ոչ:
Թող տպավորություն չստեղծվի, թե մենք ձվի մեջ մազ ենք փնտրում, քանի որ, ի վերջո, բոլորս ենք այս նախագծի շահառուն, սակայն չստացվի այնպես, որ հերթական անգամ համընդհանուր ոգևորվածությունը հիասթափության բերի:
Ի դեպ, ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը նույնպես այս թեմայով իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել: Այն ներկայացնում ենք նույնությամբ:
«Ողջ հայ համացանցը հիացած է «RyanAir»-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ: Համացանցային հայկական ողջ տիրույթն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացել է «համոզել» «RyanAir»-ին Հայաստան գալ: Ի՜նչ հիմարություն: Ի՞նչ կապ ունի այստեղ այդ աղջիկը: Չէ՞ որ խնդիրը Տաթևիկ Ռևազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու ունակության մեջ չէ: Խնդիրն այդ չէր, այլ պետության՝ օդանավակայանային բոլոր վճարները ավիաընկերությունների համար չեղարկելու անհրաժեշտությունը, որ վերջիններս համաձայնեին Հայաստան թռչել:
Այսօր այդ վճարները կազմում են յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար, և դրանք նրա (Նիկոլի) հրամանագրով իր վրա է վերցրել երկրի բյուջեն: Այս ամենն ինձ անձամբ Փաշինյանն է ասել դեռ 2018թ. գարնանը՝ ավելի քան մեկ տարի առաջ: Բայց քչերը կհիշեն, որ դեռ 2015թ. Սերժի ժամանակ, «RyanAir»-ը հստակ պայմաններ էր դրել՝ կվերցնեք ձեզ վրա ծախսերը, ու մենք կգանք Հայաստան, չեք վերցնի՝ չենք գա: Հստակ ու պարզ: «RyanAir»-ի ու «Վիզէյրի» հետ բանակցություններ վարվել են դեռ Սերժի ժամանակ, Տաթևիկ, շա՜տ առաջ: Պարզապես հին իշխանությունը հրաժարվել էր իր բյուջեից յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար վճարել: Դրա համար էլ «Ռյանէյրը» չէր գալիս: Առանց բյուջետային փողերի՝ քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահը ոչինչ անել չէր կարող:
Այն բանից հետո, երբ Հայաստանի բյուջեից մոտավորապես 5 միլիոն դոլար տարեկան հատկացրին օդանավակայանային վճարների փոխհատուցման համար, «RyanAir»-ը միանգամից համաձայնեց թռչել: Տաթևիկը պարզապես թռել է Եվրոպա ու նրանց փոխանցել Նիկոլի որոշումը: Դրա համար էլ, կարծում եմ, որ այս ավիաընկերությունների՝ Հայաստան գալու մեջ Տաթևիկի վաստակը չկա: Սա անձնապես Նիկոլ Փաշինյանի որոշումն է, և դրանք բյուջետային փողեր են»:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ այս թռիչքների պարագայում ինքնաթիռում սպասարկում չի լինելու` ուղեբեռը, ուտելիքը, ջուրը, բոլորը վճարովի են լինելու, որը զգալի գումար է կազմելու։
Իսկ ընդհանրապես, այո, Լապշինն իրականում ճիշտ է։ «RyanAir» լոուքոսթերի՝ Հայաստան մուտքի համար բանակցությունները դեռևս 2015թ. սկսել էին ՀՀ նախկին Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի նախկին նախագահ Սերգեյ Ավետիսյանը։
Հիշենք, որ դեռևս ավելի քան երկու ամիս առաջ, երբ լուր տարածվեց, թե ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը դադարեցնում է իր թռիչքները Գյումրիի օդանավակայանից, վարչապետի՝ ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը, խոսելով դրա պատճառների մասին, մասնավորապես գրել էր. «Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ-որ ճանապարհով նրանց հասած «RyanAir»-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել»:
Իսկ 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք այս հայտարարությունը կապված է Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի այն հայտարարության հետ, թե նոր լոուքոսթերներ են մտնելու Հայաստան, և խոսքը մասնավորապես «Վիզ Էյր», «RyanAir» ավիաընկերությունների մասին է, Հակոբ Ճաղարյանը պատասխանեց, որ «RyanAir»-ը և մնացած լոուքոսթերները ռուսական ուղղություններով թռիչքներ չեն կարող կատարել, բայց չի բացառվում նաև այդ տարբերակը, սակայն ինքն այդ լոուքոսթերների գալուց դեռ տեղյակ չէ։
Գոհար Սավզյան