«Վահե Գրիգորյանի տեսակը ուզում են դարձնել ՍԴ նախագահ, որ հետո իրենց համար հեշտ, սահուն անցկացնեն Ստամբուլյան կոնվենցիան». Գևորգ Պետրոսյան
«Որքան էլ որ զարմանալի է, որևէ դատաիրավական բարեփոխում Ազգային ժողովում քննարկման չի դրվել: Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեն»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ քննարկումների է մասնակցել ինքն այդ թեմայով:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այս տարվա օգոստոսին դիմել էր Վենետիկի հանձնաժողովին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք տրամադրելու համար: Վերջինս, ամփոփելով կարծիքը, նշել էր, որ նախարարության կողմից մշակված դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանի, բացի այդ, նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի՝ նախագիծը քննարկելով թե՛ ներպետական շահառուների, և թե՛ միջազգային գործընկերների հետ։
«Անընդունելի է այս «պախկվոցին», երբ վերջին պահին ես նախագիծ տեսնում: Իշխանությունը շարունակ խոսում է քաղաքական բարեվարքության մասին, իսկ ես դրա կարևոր բաղադրիչներից մեկը համարում եմ այն, որ, եթե թեկուզ իշխանությունն այն կողմում է, իսկ ես՝ այս՝ որպես ընդդիմություն, եթե իսկապես լծված ենք պետականաշինության գործին, ապա մենք բոլորս պետք է կանգնած լինենք ակունքներում, ոչ թե իշխանությունն ինչ-որ նախագիծ հնարի, բերի-տանի եզրակացություններով վերջնական տեքստը ու մեզ ասի՝ բա դուք ի՞նչ դիտողություններ ու առաջարկություններ ունեք: Հարգելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ բայց մեզ հետ որևէ դատաիրավական բարեփոխում չի քննարկվել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ ժամանակին ասելու դեպքում դրանց որակը նորմալ կլիներ: Բացի այդ, երբ ընդդիմությունը վերջին պահին է մտնում խաղի մեջ, դա վիրավորական է:
Խոսելով այն մասին, թե Վենետիկի հանձնաժողովը եզրակացրել է նաև, որ Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ Սահմանադրությանը չի հակասում, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ որևէ պայմանագրի կամ կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասել-չհակասելու իրավական գնահատականը տալու բացառիկ իրավունքը ՍԴ-ինն է:
«Ես վերահաստատում եմ մեր դիրքորոշումը, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը հենց միայն նրա համար, որ Սահմանադրության 35-րդ հոդվածը սահմանում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև կնքվող դաշինքն է, բայց այդ կոնվենցիայում կան զուգընկերներ, ընտանիքում սոցիալական կարծրատիպերի վերանայում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ հարգելով իրավունքի հանրաճանաչ դրույթները՝ մենք չպետք է մոռանանք մեր ինքնությունը: Նա կարծում է, որ, եթե մենք հեռանանք մեր ազգային ակունքներից, դա մեր երկիրը կործանման տանելու ամենաուղիղ ճանապարհն է:
«Ճանաչելով ՍԴ անդամներին՝ ես լիահույս եմ, որ, երբ կոնվենցիան հայտնվի ՍԴ-ում, նրանք մի կողմ կթողնեն ձևականությունները և իսկապես որոշումը կայացնելու հիմքում կդնեն հայ ավանդական ընտանիքը, հետևաբար՝ նաև մեր պետությունը պաշտպանելու գաղափարը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովի հռետորաբանության փոփոխությունը պայմանավորված չէ յուրատեսակ «քաղաքական առևտրով», Գևորգ Պետրոսյանն ասաց, որ չի ուզում հիմա նման մեղադրանք հնչեցնել, որովհետև իրավասու չէ, հիմքեր չունի, բայց նաև չի բացառում:
«Բայց ես կարծում եմ, որ Վահե Գրիգորյանի տեսակը ուզում են դարձնել ՍԴ նախագահ, որ հետո իրենց համար հեշտ, սահուն անցկացնեն Ստամբուլյան կոնվենցիան: Սա թող չընկալվի՝ որպես անձնական պայքար: Ո՞վ է Վահե Գրիգորյանը, որ մի ամբողջ կուսակցություն նրա մասին կարծիքներ հայտնի: Մեզ ՍԴ նախագահի խնդիրը հետաքրքրում է այնքանով, որքանով անառիկ մնան ՍԴ-ի միջոցով մեր ավանդական կարգերը պաշտպանելու, մեր Սահմանադրության հիմքերն ամուր պահելու հնարավորությունները»,- նկատեց ԱԺ պատգամավորը:
Հարցին, թե ինչո՞ւ է պետք ամեն գնով անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան, որովհետև եթե իսկապես պայքարում ենք ընտանեկան բռնության դեմ, մեր օրենսդրությունը բռնությունն առհասարակ քրեականացրել է, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ Սորոս կոչված զառամյալ ծերուկը հավանաբար ինչ-որ ծրագիր ունի, իսկ մեր իշխանություններն էլ երևի թե պարտավորություններ ունեն Եվրոպայի խորհրդի առաջ, բայց ինքը կրկնում է՝ ամենաարագը կործանվելու է այն իշխանությունը, որն անտեսելու է մեր ազգային արժեքները:
«Այս իշխանությունն այն իշխանությունն է, որը գալով՝ ասում էր, որ թռիչքաձև աճ պետք է լինի, գործազրկությունն ու արտագաղթը պետք է նվազեն… Ես իմ շրջապատում ում գիտեմ՝ ուզում է արտագաղթի: Այսինքն՝ այդ ո՞նց է արտագաղթը նվազում: Իմ շրջապատում ինչ որակյալ մասնագետ գիտեմ, մեծ մասն անգործ են եղել և հիմա էլ անգործ են: Այդ ո՞նց է գործազրկությունը նվազել: Ախր էդպես ասելով չէ: Ոչ ոք մեր թշնամին չէ: Փաշինյանը մի լավ բան արեց՝ օդիոզ կերպարներից մեզ ազատեց, որոնց դեմքերը տեսնելը ցանկալի չէր մեր հասարակության համար, բայց, եղբայր, դրանից հետո պետք է անցնել հաջորդ քայլերին»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նույնասեռ կամ սեռը փոխած անձանց ամուսնությունը և նրանց կողմից որդեգրումը օրենքով արգելելու վերաբերյալ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և ԲՀԿ այլ պատգամավորների նախաձեռնությունը չզեկուցվող հարցերի թվում քննարկելուն և այն մերժելուն՝ պատգամավորն ասաց, որ նախագծի նպատակն այն էր, որ սևով սպիտակի վրա պետք է գրվի, որ Հայաստանում պետք է մեկընդմիշտ մոռանանք նույնասեռականների կամ սեռափոխված անձանց ամուսնության, ինչպես նաև այդ անձանց կողմից երեխա որդեգրելու մասին, ինչն ազգային անվտանգության խնդիր է:
«Ասել են, թե իբր դժվար է ապացուցել սեռափոխված լինելը: Եթե դու ունես նպատակ, դու կգտնես դրան հասնելու միջոցները: Պետք է ֆիքսել նպատակը, իսկ դրան հասնելու միջոցներ կգտնվեն: Այսինքն՝ ստացվում է, որ այսօր կառավարությունը չի խրախուսում մեր գաղափարը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որի առանցքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և Ոստիկանության պետի նշանակման կարգի փոփոխություններն են, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ճիշտ է, որ ուժային կառույցները պետք է լինեն կոլեգիալ մարմնի ենթակայության կամ գոնե վերահսկողության ներքո, սակայն այստեղ խնդիրը դա չէ:
«Եթե խոսքը ենթակայության մասին էր, թող իրենք այլ օրենքում առաջարկեին փոփոխություններ: «Պետական կառավարման մարմինների մասին» անցած տարի ընդունված օրենքի մասին է խոսքը: Այստեղ խնդիրը պրոֆեսիոնալիզմին է վերաբերում: Ի՞նչ է նշանակում՝ ԱԱԾ տնօրեն նշանակվի մարդ, ով համակարգում մի օր չի աշխատել»,- տարակուսեց Գևորգ Պետրոսյանը՝ ընդգծելով, թե արդյո՞ք սրանով չենք արհամարհում համակարգի երկարամյա ծառայողներին, երբ 25 տարեկան համակարգից գաղափար չունեցող մեկը կարող է գալ ու նրանց կարգադրություններ տալ:
«Ես 47 տարեկան եմ, որից 23-ը պետական կառավարման ու դասախոսական աշխատանքի ստաժ ունեմ, բայց երդվում եմ, որ հիմա ինձ առաջարկեն, ես կհրաժարվեմ, որովհետև ես չեմ կարող ԱԱԾ ղեկավարել: Ես ինձ արժանի չեմ համարում ոչ ոստիկանապետի, ոչ ԱԱԾ տնօրենի պաշտոնին: Երևի իրենք մարդիկ ունեն նշանակելու և ուզում են իրավակարգավորումներով ստեղծել այդ հնարավորությունը: Պետք է կանգնեցնել այս պետականակործան ծրագիրը»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն մինչև վերջ ձգձգեց ԱԺ «Իմ քայլը» իշխող խմբակցության՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը. Կարծիք կար, որ ԲՀԿ-ն սպասում է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի՞ արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը՝ Բելլա Քոչարյանին, և դրանից հետո նոր միայն կայացրեց որոշում:
«Ես չգիտեմ, թե այդ կարծիքն ո՞վ է հնարել, և ո՞ւմ մտքի ֆանտազիան էր: ԲՀԿ-ն ոչ մեկի գալուն ու գնալուն չի սպասում: ԲՀԿ-ն կուռ թիմ է՝ մեր ղեկավարի գլխավորությամբ: Պարզապես խնդիրն այն էր, որ ուշ են մեզ ներկայացրել նախագիծը, և մենք այդ պատասխանատու հարցին չէինք կարող թեթևամիտ մոտեցում ցուցաբերել: Մենք՝ մեր փորձագետներով, ես՝ առանձին դրսի իրավաբանների հետ քննարկելով՝ հիմքերը համարեցինք թույլ, և իրավական հեռանկարը մշուշոտ համարելու հիմքով՝ մենք չմասնակցեցինք այդ քվեարկությանը: Եվ ո՞վ է ասել, որ մենք պարտավոր էինք մասնակցել իշխանության ներկայացրած յուրաքանչյուր հարցի քվեարկությանը»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում
Գոհար Սավզյան