Ի՞նչ է ակնկալում Ադրբեջանը Ղարաբաղում Թուրքիայի սիրիական արշավից հետո

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի ֆոնին Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախօրեին մեկնել է Բաքու՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին: Բաքվում Թուրքիայի առաջնորդը երկկողմ հանդիպումներ է ունեցել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի հետ:

Ի դեպ, մինչ այդ, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ «Ընդգծվեց երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականության կարևորությունը՝ անվտանգության ապահովման համար»,- ասված էր Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Իսկ թուրք-ադրբեջանական նախագահական բանակցություններն ընդհանուր առմամբ մնացել են փակ դռների ետևում, սակայն, որոշ թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ այլ հարցերի շարքում քննարկվել են նաև ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ալիևը և Էրդողանը զրույցի ընթացքում գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, ինչպես նաև մի շարք գլոբալ նախագծերի հաջող իրագործման առթիվ: Դրանց թվում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները նշել են նաև Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը: ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Էրդողանն իր Բաքվի ելույթում անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին:

«Ադրբեջանի սեփական տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների՝ հայկական օկուպացիայի տակ լինելը 1 միլիոն ադրբեջանցու ստիպել է՝ որպես փախստական ապրել, իրենց տներից, հայրենիքից հեռու: Ինչպես նշել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթիս ժամանակ, սա անընդունելի է»:

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու համար:

Այս ֆոնին տարածաշրջանային մամուլում քիչ չեն կանխատեսումներն այն մասին, որ Բաքվի և Անկարայի համաձայնեցված քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում կարող է ունենալ Ղարաբաղյան շարունակություն, հատկապես, երբ Էրդողանը Թյուրքալեզու պետություններին շնորհակալություն է հայտնել առաջին իսկ օրվանից Թուրքիային աջակցելու համար:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան միկրոբլոգի էջում շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանին «Խաղաղության ակունք» օպերացիայի հարցում աջակցության համար: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած գործողությունները քրդերի դեմ ունեն նաև Ռուսաստանի անուղղակի աջակցությունը:

Ավելին՝ մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ սիրիական ներկայիս զարգացումները նպաստելու են նաև ռուս-թուրքական հարաբերությունների էլ ավելի խորացմանը Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների լարման ֆոնին, ինչը, ըստ այդ կանխատեսումների, կարող է բացասաբար անդրադառնալ Ղարաբաղյան գործընթացում հայկական շահերի վրա:

Վերջին շրջանում ուշագրավ բնույթ են ստացել զարգացումները նաև ԼՂ հակամարտության գոտում և կարգավորում գործընթացում: Ինչպես հայտնի է, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամսվա սկզբին Սոչիում մեկնարկած «Վալդայ» ակումբի նիստում քննադատել էր ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» պնդումը, այն որակելով՝ որպես բանակցային գործընթացին չնպաստող, որին հաջորդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «պատասխան» հայտարարությունը, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, ու բացականչական նշան»: Զուգահեռաբար նկատելի էր լարվածության աճ շփման գծում:

Հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղի ունեցող ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Փաշինյան-Ալիև «փոխհրաձգությունը», երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ կառավարության հասցեին կեղծ մեղադրանքներ ներկայացրեց և Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի կողմնակից» անվանեց, իսկ Փաշինյանը պատասխանեց՝ կոչ անելով պատմությունը չխեղաթյուրել և հարգանք ցուցաբերել ներկա նախագահներին: Սրան հաջորդեց Փաշինյան-Ալիև 1.5-2 ժամ տևած զրույցը խորհրդի նիստից հետո մատուցված ճաշի սեղանի շուրջ, որի ընթացքում քննարկվել էր նաև ԼՂ հակամարտությունը:

Իսկ այս օրերին տարածաշրջանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք Երևանում հանդիպել էին թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Նախարարի հետ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ անդրադարձ է կատարվել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին, կարևորվել խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանվել վերջին լարվածության նվազեցումը։

«ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ: Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ»,- ասված էր ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը, նախ անդրադառնալով Սիրիայի Հյուսիսում ծավալվող ռազմական գործողություններին՝ պարզաբանեց, թե ինչ խնդիր է լուծում Թուրքիան իր «Խաղաղության ակունք» ռազմական միջոցառմամբ:

Ըստ Սկակովի, առաջին հերթին՝ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին իր համար բուֆերային գոտի է ստեղծում, երկրորդ հերթին՝ ստեղծում է Սիրիայում որոշակի պլացդարմ, դա ևս հասկանալի է, և երրորդ՝ Թուրքիայի այդ գործողությունը կնպաստի նրան, որ Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականները տեղափոխվեն ներկայումս գրավվող տարածքներ, այսինքն՝ բնակության վայր դառնան փախստականների համար:

«Թուրքիան 4 հիմնական խաղացողներից մեկն է սիրիական ապագա կարգավորման համար՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի հետ: ԱՄՆ-ը հայտարարում է, որ հեռանում է Սիրիայից, բայց դրանք պարզապես հայտարարություններ են, նրանք չեն հեռանում, նրանք կոնտինգենտը փոքրացնում են, բայց դա Սիրիան լքել չի նշանակում»,- հակիրճ իր կարծիքը ներկայացրեց Սկակովը:

Ռուս քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ կարծիքները, թե սիրիական զարգացումները կարող են հետևանքներ ունենալ ԼՂ հակամարտության գոտում՝ ընդդեմ հայկական շահերի, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական, ռուս-թուրքական ջերմացումն այս ֆոնին, շահարկումներ են:

Նա վստահեցնում է՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը որևէ կերպ կապված չէ Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին, դրանք բացարձակապես տարբեր թեմաներ են, և այստեղ հարաբերությունների այլ համակարգ է գործում:

«Իհարկե, Թուրքիային և Էրդողանին բացարձակապես հարկավոր չէր Ալիևի թույլտվությունը թուրքական օպերացիայի համար, Ադրբեջանն այնպիսի ազդեցիկ խաղացող չէ Սիրիայում, որպեսզի իր սանկցիան լիներ անհրաժեշտ: Այլ հարց է, որ, անկասկած, Էրդողանը չէր գնա այդ օպերացիային, եթե վստահ չլիներ, որ և Ռուսաստանը, և Միացյալ Նահանգները կընկալեն դա համարժեք, և որևէ կտրուկ հակազդեցություն Մոսկվայից ու Վաշինգտոնից չի լինի: Բայց Բաքվի արձագանքը Թուրքիայի համար խորապես միևնույն է եղել, և որևէ ընդհանրություն Սիրիայի ու Ղարաբաղի միջև չկա, ուստիև որևէ շարունակություն այլ տեղ, մասնավորապես՝ ԼՂ հակամարտություն, չի կարող լինել»,- ասաց Սկակովը:

Նա նշեց, որ Ադրբեջանը վաղուց է ցանկանում հակամարտությունը կարգավորել ռազմական ճանապարհով, և Ադրբեջանի ցանկություններն արդեն շատ քչերին են հետաքրքրում, բոլորը գիտեն, թե Ադրբեջանը ինչ է ցանկանում և ինչպես է յուրաքանչյուր առիթ շահարկում:

«Հայ-ռուսական հարաբերությունները, անկախ հնչող վերջին քննադատությունից, լիովին բնական են, Աշգաբադում ևս մեկ զրույց էր տեղի ունեցել Փաշինյանի և Պուտինի միջև, կողմերը կարծես թե գոհ էին այդ հանդիպումից և նրանից, ինչ քննարկվել էր: Ես չեմ կարծում, որ մեր հարաբերություններին որևէ բան է սպառնում»,- ասաց Սկակովը: Վերջինս համամիտ է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած քննադատությանը, սակայն դա աղաղակող փաստ չի համարում:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ նման հայտարարություներն իսկապես չեն նպաստում բանակցություններին ու խաղաղությանը: «Տվյալ դեպքում կա՞ նման հայտարարություն, թե՞ ոչ, չի փոխում իրավիճակը շփման գծում: Բայց համանախագահ երկրի ԱԳ նախարարը ստիպված էր անել նման հայտարարություն ֆորմալ կերպով, քանի որ հասկանալի է, որ Մինսկի խումբը պետք է չեզոք դիրքորոշում ունենա և չպետք է ողջունի այն, որ նման հայտարարություններ են արվում: Ուստի այս մեկ հայտարարությունը չի կարող որևէ դիրքորոշում փոխել կամ ենթադրել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասաց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս