«Ես կոչ եմ անում Վեհաժողովի անդամներին դիմել գործողությունների». Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովում ունեցած ելույթում խորհրդարանականներին կոչ է արել բարձրացնել իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:
Միրզոյանը կոչ է արել անտարբեր չմնալ և պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները և անհապաղ պահանջել դադարեցնել դրանք:
«Այս պահին, երբ մենք նստած ենք այս լիագումար նիստերի դալիճում, մեր անդամ պետություններից մեկը՝ Թուրքիան, ռազմական գործողություն է ծավալում Սիրիայի քրդաբնակ տարածքներում: Մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել: Այսօր Ղամիշլիում և Սիրիայի այլ քաղաքներում մարդիկ վտանգի տակ են նույն կերպ, ինչ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում 2014 թվականին:
Ճակատագրի հեգնանքով այս արհավիրքները տեղի են ունենում այն նույն տեղում, նույն աշխարհագրական տարածքում, որտեղ հողի և ավազի մեջ են 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի մնացորդները:
Եվ ես՝ որպես մի ազգի ներկայացուցիչ, որն ականատես է եղել և վերապրել է 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը, կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին բարձրացնելու իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:
Միջազգային իրավունքը նկատմամբ հարգանքը, դրան հետևելը և պահպանելը 21-րդ դարում չի վերաբերում տնտեսությանը կամ աշխարհաքաղաքականությանը։ Այն նախևառաջ մարդկային կյանքերը փրկելու մասին է, նրանց իրավունքները և ազատությունները հարգելու մասին է, այն միջազգային հանրության բարոյականությունը և Միացյալ Ազգերի ոգին փրկելու մասին է:
Ես կոչ եմ անում Վեհաժողովի անդամներին դիմել գործողությունների: Ես կոչ եմ անում Միջխորհրդարանական միությանը՝ որպես կազմակերպության և այստեղ ներկայացված յուրաքանչյուր խորհրդարանի, անտարբեր չմնալ և պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները և անհապաղ պահանջել դադարեցնել դրանք»,- իր ելույթում ասել է Ա. Միրզոյանը: