Բաժիններ՝

Չինաստանը և ԱՄՆ-ը փոխհամաձայնության են հասել առևտրական համաձայնագրի հարցում. ՉԺՀ-ի ԱԳՆ

Չինաստանի եւ ԱՄՆ-ի իշխանությունները հաղթահարել են տարաձայնությունները եւ փոխհամաձայնության հասել առեւտրատնտեսական համաձայնագրի կնքման հարցում: Այդ մասին, հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Այն, ինչի մասին հայտարարում է Միացյալ Նահանգները, համապատասխանում է իրականությանը: Որքան մեզ հայտնի է, Չինաստանը եւ ԱՄՆ-ը միասնական դիրքորոշում ունեն առեւտրատնտեսական համաձայնագրի հարցում»,-նշել է նա հերթական բրիֆինգում:

Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնի հետ առաջիկա համաձայնագիրը «կունենա չափազանց կարեւոր նշանակություն» եւ «դրականորեն կազդի ինչպես Չինաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ մնացած ամբողջ աշխարհի վրա»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել է, որ Չինաստանն արդեն սկսել է կատարել առեւտրական գործարքի այն պայմանները, որոնց շուրջ երկու երկրները հասել են սկզբունքային համաձայնության, եւ ձեռնամուխ է եղել ամերիկայն գյուղատնտեսական արտադրանքի գնումներին: Նրա խոսքով՝ գործարքի պայմաններից մեկն այն էր, որ կողմերը երեք-չորս շաբաթ չեն սպասելու համաձայնագրի ստորագրմանը եւ գնումներին ձեռնամուխ են եղել անմիջապես:

«Մենք կավարտենք գործարքի ընդգրկուն առաջին մասը եւ անմիջապես ձեռնամուխ կլինենք երկրորդ մասին: Առաջին մասը կարող է վերջնականապես համաձայնեցվել ու ստորագրվել շուտով»,- հավելել է Թրամփը՝ անդրադառնալով Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու հեի հետ հոկտեմբերի 11-ին կայացած բանակցությունների արդյունքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս