Մայրենիի ու մեր պատմության մերժումը բուհերում․ նախարարության որոշման հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինի:

«Համենայնդեպս, սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Խնդիրն այն է, որ ավելի քան 15 տարի առաջ ընդունված ու մինչեւ այսօր գործող օրենքով  «անկախ սեփականության ձեւից եւ մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու եւ հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը ամերիկահայերի հետ հանդիպմանը դեռեւս սեպտեմբերի 23-ին հայտարարեց. «հարյուրավոր, հազարավոր հայեր, հայ երիտասարդներ Ամերիկայում, ամենուր, որոնք նույնիսկ հայերեն սկսել էին չխոսել, հեղափոխությունից հետո սկսել են ավելի շատ հետաքրքրվել իրենց հայրենիքով, իրենց ինքնությունով ու իրենց պատմությամբ»: Այդ ելույթին հաջորդում է հայի ինքնության պահպանման սպառնալիք դարձած օրինագծի կոնկրետ ձեւակերպումը. սաբոտա՞ժ է սա, թե՞ պլանավորված քայլ:

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գեւորգյանը թերթին տեղեկացրել է, որ այս նախագիծը քննարկվել է նաեւ ԵՊՀ գիտական խորհրդում ու բացասական գնահատականի արժանացել Մայր բուհում:

«Գործող օրենքի այդ ենթակետը պարտադիր պետք է ներառնվի նաեւ նոր օրենքում»,- պնդեց դոցենտ Գեւորգյանը` հավելով, որ այս նախագծի շուրջ մտավորականների առաջարկությունները ներկայացվել են նախարարությանը, սակայն դեռ արձագանք չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց նաեւ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ, ով տեղեկացրեց, որ նախագիծը հաշված օրերի ընթացքում կհրապարակվի, եւ հայերենը իսկապես պետք է հանվի:

«Եթե բուհը ցանկացավ, կներառի այդ առարկաները, պարզապես նախորդ տարբերակում դա օրենքով պարտադրված էր, ինչը հակասում է կրթական ծրագրերի կառուցման, հիմնական, այսպես ասած, ժամանակակից սկզբունքին»,- տեղեկացրեց նախարարի խորհրդականը: Ստացվում է՝ հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը «ժամանակակից» առարկաներ չեն, դրա համար այլեւս անպիտան են: Այսպես մինչեւ ո՞ւր կգնանք, նախարարությունում կա՞ այս մասին գոնե մի մտածող»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս