Երևանի Մեծարենցի փողոցում տան պատ է փլուզվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hոկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մեծարենցի փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, իսկ մյուս պատերին կան ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ առավոտյան փլուզվել է Մեծարենցի փողոցի տներից մեկի ննջասենյակի պատի արտաքին շերտը՝ մասամբ (մոտ 4 քմ), առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ: Տանը կից մեկ այլ տան արտաքին պատերին առկա են ճաքեր. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: