Բաժիններ՝

Բրիտանացի միջուկագետները ժամանել են Թեհրան՝ օգնելու Արաքի ռեակտորի արդիականացմանը

Մի խումբ բրիտանացի միջուկագետ-փորձագետներ ժամանել են Թեհրան՝ աջակցություն ցուցաբերելու Արաքի ռեակտորի արդիականացմանը: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հայտարարությունը:

«Միջուկային բնագավառի բրիտանացի փորձագետների խումբը՝ Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավոր գիտական խորհրդական Ռոբին Գրայմսի ղեկավարությամբ, հոկտեմբերի 14-ին ժամանել է Թեհրան՝ Արաքի ռեակտորի արդիականացման աշխատանքում հաջորդ փուլերի առաջմղման համար: Փորձագետները Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունում (ԻԱԷԿ) բանակցություններ կվարեն ռեակտորի շինարարությանը միջազգային աջակցության հարցերի շուրջ»,-գործակալությունը մեջբերում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը:

Նշվում է, որ բրիտանացի մասնագետների հետ միասին Թեհրանում են գտնվում նաեւ մի խումբ չինացի միջուկագետներ: Դեսպանությունը նշել է, որ փորձագետների այցը «պարտավորությունների բաղկացուցիչ մասն է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում»: ԳՀՀԾ-ի համաձայն, որը 2015 թվականին կնքվել է Իրանի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի ու Գերմանիայի միջեւ, Թեհրանը պարտավորվել է վերակառուցել Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորը՝ խաղաղ նպատակներով միջուկային հետազոտություններ անցկացնելու համար, հաղորդել էՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս