Սիրիայում զոհերի թիվը անցել է 100-ը․ Էրդողանը սպասում է ՆԱՏՕ-ի օգնությանը

Հոկտեմբերի 9-ից Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում Թուրքիայի՝ քրդերի դեմ սկսած «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության հետևանքով զոհվել է 109 քուրդ։ Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Էրդողանը նաև բողոքել է, որ ՆԱՏՕ անդամ երկրները չեն աջակցում պաշտոնական Անկարային՝ Սիրիայի քրդերի դեմ պայքարում։ «Մենք Թուրքիան ենք և ՆԱՏՕ-ի անդամ ենք։ 5-րդ հոդվածը բոլորս շատ լավ գիտենք։ Դուք չեք կարող լուռ մնալ, երբ ահաբեկչական կազմակերպությունները հարձակվում են Թուրքիայի վրա։ Դուք դրա իրավունքը չունեք»,- ՆԱՏՕ-ին մեղադրել է Էրդողանը։

Էրդողանը իր ելույթում հասցրել է նաև սպառնալ Եվրամիությանը. «Եթե դուք մեր ռազմական գործողությունները ուզում եք ներխուժում որակել, ապա մեր գործը հեշտ է։ Կբացենք դարպասներն ու Թուրքիայում ապաստանած 3,6 միլիոն փախստականին կուղարկենք ձեզ մոտ»:

Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ էր արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները՝ մարդասիրական, քաղաքական և ռազմավարական ծայրահեղ խնդիրներից զերծ մնալու համար։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ թվիթերյան իր էջով հանրությանը հայտնել է, որ փորձում է վերջ տալ անվերջ թվացող պատերազմին կողմերի հետ երկխոսության միջոցով։ Սպիտակ տան ղեկավարը ասել է, որ հարձակման գոտում ոչ մի ամերիկացի զինվոր չկա։ Իսկ Թուրքիայի քայլը Թրամփին չի զարմացրել։ «Թուրքիան վաղուց էր ծրագրում հարձակվել քրդերի վրա։ Նրանք անընդհատ կռվում էին»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները նախաձեռնել էր երեկ՝ Սիրիայի հյուսիսը՝ Եփրատ գետից մինչև Իրաքի սահման, գրավելու համար։ Պաշտոնական Անկարան սրանով նպատակ ունի ազատվել այս հատվածի քրդական խմբավորումներից, որոնք Անկարան անվանում է ահաբեկչական։ «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկի մասին հայտնել էր հենց նախագահ Էրդողանը։ Նրա խոսքով՝ գործողության նպատակը «ահաբեկչական միջանցքի ոչնչացումն է, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը»։

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս