«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կուժեղացնի հսկողությունը հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին». Արեշև
Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հերթական փուլը շատ երկրների քննադատությանն է արժանացել, ընդ որում՝ այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, որը զորավարժություններ է սկսել: Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Կովկասագետների գիտական համայնք» կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը:
Հիշեցնենք, որ Իրանի բանակը նախապես չհայտարարված զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմտյան՝ Թուրքիային սահմանամերձ շրջանում:
«Դեռ պարզ չէ՝ որքան արդյունավետ կլինեն դրանք՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքական տեսանկյունից, որքանով թուրքական կողմին կհաջողվի հասնել դեկլարացված նպատակներին: Իմ կարծիքով՝ «Խաղաղության աղբյուր» օպերացիան հանդիսանում է Մերձավոր Արևելքում հերթական ապակայունացման գործոնը, որը կարող է հանգեցնել բացասական գործընթացների Հարավային Կովկասում, այդ թվում՝ Սիրիայից փախստականների նոր ալիքի և քաղաքադիվանագիտական բարդությունների»,- նշեց քաղաքագետը:
Հարցին՝ այս ամենը հաշվի առնելով, Ռուսաստանը կուժեղացնի՞ հսկողությունը հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին, Արեշևը պատասխանեց. «Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում կընդունվեն համապատասխան որոշումներ»:
Մարիամ Պետրոսյան



