«Մենք խնդրում ենք ԵՄ-ի պետություններին, համաշխարհային հանրակցությանը՝ Անկարայից հետ կանչել իրենց դեսպաններին». Իլհամ Ահմեդ
Սիրիայի դեմոկրատական խորհրդի քաղաքական թեւի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ահմեդը հայտարարել է, թե հարկավոր է, որ ԵՄ-ի երկրները Թուրքիայից հետ կանչեն դեսպաններին:
«Մենք խնդրում ենք ԵՄ-ի պետություններին, համաշխարհային հանրակցությանը՝ Անկարայից հետ կանչել իրենց դեսպաններին»,-լրագրողներին ասել է Ահմեդը՝ գտնվելով Եվրախորհրդարանում:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել է Սիրիայի հյուսիսում այսպես կոչված «Խաղաղության աղբյուր» գործողությունն սկսելու մասին, որն, ինչպես հայտարարվել է՝ ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական օդուժը նույն օրը հարվածներ է հասցրել Ռաս Էլ Այն քաղաքին Սիրիայի Հասեկե նահանգում: Ավիահարվածների է ենթարկվել Թուրքիայի հետ սահմանի եւս մեկ սիրիական քաղաք՝ Թել Աբյադը:
Ավելի ուշ հայտարարվել է գործողության ցամաքային մասի սկսվելու մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալների համաձայն, զինվորականները Սիրիայի հյուսիսում հարվածներ են հասցրել քրդական կազմավորումների 181 թիրախի: Սիրիայի հեռուստատեսության տվյալներով՝ Ռաս Էլ Այն, Ղամըշլի, Դարբասիա եւ Ալ Մաշրաֆա սահմանամերձ քաղաքների թուրքական գնդակոծման հետեւանքով զոհվել է ութ խաղաղ բնակիչ, վերքեր է ստացել եւս 20 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



