Ադրբեջանը վրացի հավատացյալներին զրկել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի եկեղեցիներ այցելելու իրավունքից. Տարոն Հովհաննիսյան
Հարցազրույց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ
– Ի՞նչ մեսիջներ հնչեցին «Վալդայ»-ում ադրբեջանառուսական հարաբերությունների, ադրբեջանաղարաբաղյան կոնֆլիկտի հարթությունում:
– «Վալդայ»-ում միանշանակ մտահոգիչ էր ՌԴ արտգործնախարարի անդրադարձը ՀՀ վարչապետի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանը: Միակողմանի հայտարարությունները, իհարկե, խնդրի կարգավորմանը չեն նպաստում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, ապա այդտեղ որևէ նորություն չկար: Նման հայտարարություններ հաճախ են լինում, սակայն Արցախին վերաբերող իրականությունը դրանից չի փոխվում: Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ապա այդտեղ ևս կտրուկ փոփոխություն չկա: Ռազմական համագործակցությունը ևս, ըստ Իլհամ Ալիևի հայտարարության, շարունակվելու է: Առայժմ պետք է իրականացվեն նախորդ տարիներից կիսատ մնացած գործարքները, որոնք, հավանաբար, Ադրբեջանի ֆինանսական խնդիրների պատճառով չեն վերջնականացվել: Սակայն Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները ևս ռուսաստանյան կողմը չի փորձում խափանել, և տրամաբանորեն նման ելքը չի էլ կարող բխել այդ երկրի շահերից:
– Վերջին շրջանում ադրբեջանական զինուժի ակտիվությունը ՀՀ սահմանների ուղղությամբ է, մասնավորապես՝ Տավուշի հատվածի, Նախիջևանի հատվածում կարծես նվազել է:
– 2018 թ. Նախիջևանի հատվածում էին ինժեներաամրաշինական աշխատանքներ իրականացվում, 2019 թ. ընթացքում ակտիվ աշխատանքները տեղափոխվել են Տավուշի մարզի սահման: Սա իր հերթին՝ պայմանավորված է այդտեղ բանակի փոխարեն՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ուժերի տեղակայմամբ: Լարվածությունը հիմնականում պայմանավորված է տարվող աշխատանքների և դիրքերի բարելավումների փորձերով:
– Ադրբեջանում ներքաղաքական ի՞նչ ուշագրավ զարգացումներ կան, որոնք կարող են տանել սահմանային սրացումների՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար:
– Ադրբեջանի ընդդիմությունը հոկտեմբերի 8-ին ցանկանում էր ցույց անցկացնել Բաքվում: Բաքվի քաղաքապետարանը նախ առաջարկել էր ցույցը տեղափոխել մայրաքաղաքից բավականին հեռու գտնվող Լոքբատան ավան, ինչին ընդդիմությունը չէր համաձայնել: Ի վերջո, թույլատրեցին անցկացնել Բաքվի քաղաքապետարանի առջև, սակայն ընդամենը 50 հոգով: Իրականում, դատելով հրապարակված տեսանյութերից, շատ ավելի մեծ քանակով մարդ էր ցանկացել ցույցին մասնակցել: Ոստիկանությունը բավականին լուրջ միջոցառումներ էր ձեռնարկել: Մեծ մասին չթույլատրվեց հասնել ցույցի վայր: Փողոցներում նաև տարբեր բախումներ եղան, ձերբակալվեցին մի շարք քաղաքացիներ: Սա ցույց է տալիս, որ ընդդիմության ցույցերը առնվազն մտահոգում են Իլհամ Ալիևին: Ընդդիմադիրների խոսքում, իհարկե, կարևոր դեր ունի նաև Արցախյան հիմնախնդիրը: Վերջիններս Իլհամ Ալիևին մեղադրում են անգործության մեջ:
Օրինակ, ցուցարարներից մեկը նշել էր, թե՝ «այդ ե՞րբ Ալիևը հետ կբերի Ղարաբաղը» ու ինչպե՞ս, եթե փաստացի «Փաշինյանն է այդտեղ դրության լիարժեք տերը»: Կարևոր բաղադրիչ են նաև սոցիալական խնդիրները, որոնք հատկապես սրվել են 2015 թ. նավթի գնի անկումից և տեղական արժույթի արժեզրկումից հետո: Օրինակ, նաև բողոքում էին, որ արդեն երկար տարիներ է, ինչ նոր ծնված երեխաների համար պետությունը փող չի տրամադրում:
– Վրաց-ադրբեջանական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում այս պահին:
– Վրաստանի հոգևոր առաջնորդը նամակ է հղել այդ երկրի վարչապետին ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդին՝ նշելով, որ Դավիթ Գարեջիի վանական համալիրի 3 վիճելի եկեղեցիներից երկուսը Վրաստանի տարածքում են, սակայն Ադրբեջանը փաստացի վրացի հավատացյալներին զրկել է այդ եկեղեցիներ այցելելու իրավունքից: Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը նշել է, որ 1936 և 1996 թ. Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ սահմանի վրացական կողմում են մնացել Ուդաբնո և Չիչխիտուրի եկեղեցիները: Այժմ, սակայն, Ադրբեջանը, չսպասելով դեմարկացիայի և դելիմիտացիայի ավարտին՝ փաստացի արգելափակել է վրացի հավատացյալների մուտքը այդ եկեղեցիներ: Հատկանշական է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը նշված եկեղեցիներից մեկի մոտ նոր ռազմական հենակետ է սկսել շահագործել: Եվ այս ամենն իրականացվել է Վրաստանի նորընտիր վարչապետի Ադրբեջան այցին ընդառաջ:
Մարիամ Պետրոսյան



