«ՀՀ Քննչական կոմիտեն այս հիմնական առաքելությունն ունի՝ երկրում հաստատել, պահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ Քննչական կոմիտեի, և իրավապահ մարմինների առաքելությունն է՝ երկրում հաստատել, պահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբ: Այս մասին հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս դահլիճում ամեն անգամ, երբ տեղի է ունենում խոսակցություն տոնական կամ աշխատանքային առիթներով, ի վերջո այդ ողջ խոսակցության ենթատեքստն ու բովանդակությունը կապվում է արդարության հետ: Արդարադատության հետ, որը չափազանց կարևոր է մեր երկրի համար: Ընդհանրապես, երբ մենք վերլուծել, և վերլուծում ենք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղ գտած, երևի, ամենացավալի երևույթը, այն է՝ արտագաղթը, շատ լուրջ վերլուծություններ կան, որ արտագաղթը չի կապվում ուղղակի սոցիալական իրավիճակի հետ, և ես համաձայն եմ այդ վերլուծության հետ, որ շատ դեպքերում մարդիկ սեփական հայրենիքից հեռանում են ոչ միայն և ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառով, որքան անարդարության մթնոլորտի պատճառով: Այն պատճառով, որ իրենք իրենց սեփական հայրենիքում պաշտպանված չեն զգում ոչ միայն ֆիզիկապես, այլև իրավունքի, արժանապատվության, ընդհանրապես քաղաքացիական համակեցության կանոններին իրենց հասանելիության տեսակետից: Ես կարծում եմ ՀՀ Քննչական կոմիտեն, և ընդհանրապես, իրավապահ մարմիններն այս հիմնական առաքելությունը ունեն՝ երկրում հաստատել, պահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբ: Արդարության զգացում և մթնոլորտ հաստատել»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ Քննչական կոմիտեի աշխատանքի համատեքստում այդ արդարության զգացումը պետք է հիմնված լինի երեք հավատների վրա:
«Առաջինը՝ քննչական կոմիտեի աշխատողների և, իհարկե, քննիչների, ղեկավար կազմի անկեղծ հավատն է օրինականության, օրենքի գերակայության և արդարության սկզբունքների նկատմամբ: Որովհետև, եթե քննիչը և քննչական կոմիտեն ընդհանուր առմամբ անկեղծորեն հավատացած և նվիրված չլինի այս արժեքներին, օրենքի և օրինականության մասին խոսակցություններն իմաստ չեն ունենա: Երկրորդ հավատը յուրաքանչյուր քննիչի հավատն է սեփական առաքելության նկատմամբ, երբ քննիչի աշխատանքը ոչ թե ուղղակի զբաղմունք է, այլ առաքելություն, և դա երկրում, Հայաստանում, և ընդհանրապես, աշխարհում արդարություն հաստատելու առաքելությամբ առաջ շարժվելու ընդունակությունն է: Եվ երրորդ հավատը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատն է ընդհանրապես իրավապահ մարմինների, և մասնավորապես Քննչական կոմիտեի, նրա յուրաքանչյուր քննիչի, նրա ղեկավարության, և գործունեության նկատմամբ»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի աշխատակիցներին մաղթեց, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի համակվեն այս երեք հավատներով, նրանք իրենք իրենց մեջ կարողանան պահպանել, ամրացնել, ստեղծել այդ հավատը, և ՀՀ քաղաքացիներին հավատ ներշնչել իրենց գործունեության և առաքելության նկատմամբ: Փաշինյանը նշեց, որ աշխատանքային մոտեցման այդ կերպն է, որ շղթայական արդյունքներ կբերի մեր հայրենիքին, և նրան երկարաժամկետ, կայուն զարգացման հիմքն ու անկյունաքարը կդնի: