Էկոակտիվիստներն իրենց ակցիաներով փորձում են ուշադրություն հրավիրել կլիմայի խնդիրների վրա
Extinction Rebellion (XR) («Ապստամբություն բնաջնջման դեմ») շարժումը, որն արգելափակում է երթեւեկությունը՝ փորձելով իշխանությունների ուշադրությունը դարձնել բնապահպանական խնդիրների վրա, ակցիաներ է անցկացնում աշխարհի տասնյակ քաղաքներում, ինչի մասին վկայում են զանգվածային լրատվամիջոցները։
Շատ քաղաքներում ոստիկանությունը ակտիվիստների ձերբակալություններ է կատարում: Լոնդոնում ոստիկանությունը բերման է ենթարկել արդեն 217 բողոքողի:
Լոնդոնում ակտիվիստները փակել են երթեւեկությունը քաղաքի կենտրոնում Թեմզա գետի ափերը միացնող Վեսթմինսթերյան եւ Լամբեթի կամուրջներին: Բողոքողներն արգելափակել են Թրաֆալգարյան հրապարակ, Վիկտորիայի առափնյակ տանող ճանապարհները, որտեղ, մասնավորապես, գտնվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կենտրոնակայանը, եւ Ուայթհոլ փողոցը, որտեղ տեղավորված են բրիտանական բազմաթիվ կառավարական շենքեր:
Ցուցարարները խոստացել են, որ իրենք կջանան նվազագույնի հասցնել ակտիայի հետեւանքները շարքային լոնդոնցիների համար, սակայն Սքոթլանդ-Յարդում բողոքներն արդեն որակել են աննախադեպ եւ խոստացել՝ ձերբակալել բոլոր նրանց, ովքեր խախտում են օրենքը:
Նախօրյակին Extinction Rebellion իրավապաշտպան կազմակերպության շուրջ հազար բնապահպան ակտիվիստներ արգելափակել են կարեւոր տրանսպորտային հանգույցը Բեռլինի կենտրոնում՝ զբաղեցնելով Մեծ աստղ հրապարակը: Դրանից հետո համանման ակցիա է սկսվել մեկ այլ հրապարակում՝ Պոտսդամեր պլատցում:
Ներկայում Բեռլինի կենտրոնական փողոցների մեծ մասում խցանումներ են: Extinction Rebellion-ն իր կայքում հայտնում է, որ այս շաբաթ պլանավորում է մի քանի ակցիա, որոնք բոլորն էլ կանցկացվեն Բեռլինի քաղաքական ու հասարակական կյանքի համար հանգուցային վայրերում: Նպատակը Գերմանիայի կառավարության վրա ազդելն է եւ ուշադրությունը մոլորակի կլիմայի խնդիրների վրա դարձնելը:
«Ֆիգարո» թերթը հայտնում է, որ ֆրանսիացի ակտիվիստները Փարիզում գրավել են «Շատլե» հրապարակը՝ միաժամանակ արգելափակելով Սենայի աջ ափը Սիթե կղզու հետ միացնող կամուրջը: Թերթը նշում է, որ ակցիային մասնակցում են մի քանի հարյուր ակտիվիստներ:
Մադրիդում մի քանի հարյուր ակտիվիստներ վրաններ են տեղակայել Իսպանիայի բնապահպանության նախարարության մոտ: Բողոքների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել երեք մարդու:
Ամստերդամում ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքների շուրջ 90 մասնակցի: Բողոքողները արգելափակել են երթեւեկությունն Ամստերդամի կենտրոնի Ռեյկսմյուսեում գեղարվեստական թանգարանի շրջանում:
Բողոքի ակցիաներ են կազմակերպել նաեւ Ավստրալիայում: Այսպես, Սիդնեյում ոստիկանությունը բերման է ենթարկել 30 մարդու, որոնք խանգարում էին ավտոմոբիլային երթեւեկությանը կամ չէին ենթարկվում իշխանությունների պահանջներին: Ընդամենը ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Մելբուռնում ոստիկանությունը բերման է ենթարկել տասը բողոքողի:
Կազմակերպության կայքի համաձայն, հոկտեմբերի 7-ին ակցիաներ են անցկացվել 60-ից ավելի քաղաքներում, որոնցից մի քանիսում դրանք կշարունակվեն մոտավորապես երկու շաբաթ:
Extinction Rebellion-ը հանդես է գալիս երեք հիմնական պահանջով: Նրանք կոչ են անում կառավարություններին՝ արտակարգ դրություն հայտարարել բնապահպանության եւ կլիմայի ոլորտում, կանգնեցնել կենսաբազմազանության կորուստը եւ մինչեւ 2025 թվականը վերջ դնել ջերմոցային գազերի արտանետումներին, ինչպես նաեւ ստեղծել քաղաքացիների ասամբլեա, որոնք կպայքարեն բնապահպանության խնդիրների լուծման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: