Քանի-քանի հայտարարություններ, խոստումներ են հնչել այս 1,5 տարվա ընթացքում, որոնք մենք անգամ չենք էլ հիշում՝ կախարդական փայտիկից սկսած մինչև 500 միլիոն դոլարի ներդրումային նախագծեր. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ողջ համացանցը կարող է օրերով քննարկել Անդրանիկ
Քոչարյան-Արփինե Հովհաննիսյան հեռակա բանավեճը, Բելլա Քոչարյանի հանդիպումը ՌԴ ղեկավարի հետ, լուտանքներ տեղալ աջուձախ, բայց, օրինակ, քննարկման հարց չի
դառնում, թե ՌԴ-Հայաստան հարաբերություններում առկա կնճիռներն ինչո՞ւ չեն
հարթվում, գազի գնի հարցը ինչո՞ւ ամիսներ շարունակ վերջնական լուծում չի ստանում և, ի վերջո, ղարաբաղյան հակամարտության գործընթացն ինչո՞ւ է արգելակվել, ո՞ւմ մեղքով։
Սրանք ընդամենը վերջին իրադարձություններն են, իսկ քանի-քանի հայտարարություններ, խոստումներ են հնչել այս 1,5 տարվա ընթացքում, որոնք մենք անգամ չենք էլ հիշում՝
կախարդական փայտիկից սկսած մինչև 500 միլիոն դոլարի ներդրումային նախագծեր, հարյուրավոր աշխատատեղեր և 2050-ին` դրախտային երկիր։
Այս խոստումները «նստվածք» չեն թողնում, չեն հիշվում, որովհետև դրանց անմիջապես հաջորդում են ոչ պակաս աղմկոտ քայլեր ու հայտարարություններ։
Օրինակ, «800 հազար անբաններ նստած են 350 հազար աշխատողների վզին»,
«աղքատությունը մարդկանց ուղեղում է», «80 հազար դրամով մի աշխատեք, ոչխար
պահեք», էլ չենք խոսում «պատերին ծեփելու», «վզից բռնելու, ասֆալտին փռելու»
օպերացիաների մասին։ Իսկ երբ հայտարարությունների դոզան շատ մեծ է լինում, դրանք իսպառ չեզոքանում են դատարաններ շրջափակելով, դատավորների հանդեպ ճնշումներ գործադրելով, ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագիծ մշակելով։
Բայց կա բոլոր հայտարարությունները մոռացության մատնելու լավագույն խաղաքարտը. երբ բոլոր մեքենայությունները սպառված են, գործի է դրվում ամենակարող ԱԱԾ-ն, որը միշտ մի քրեական գործ ունի պահած «սև օրվա» համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: