Հարձակում մամուլի վրա, կամ՝ սա նոր Հայաստանն է
Ցանկացած նորմալ կայացած հասարակության համար, որն իրեն համարում է դեմոկրատական արժեքների կրող, և երկրում առկա է սահմանադրական կարգ, Սահմանադրությամբ ֆիքսված իշխանություն ու պետական կարգ, պարտավոր է հետևել Սահմանադրությամբ վերապահված իշխանության ճյուղերի՝ գործադիր, օրենսդիր և դատական, առանձին և համակցված գործունեության կայացմանը։ Ժողովրդավարական հասարակություններում, որպես իշխանության չորրորդ ճյուղ՝ համարվում է մամուլի և ընդհանուր լրատվամիջոցների, կամ, այլ կերպ ասած՝ ազատ խոսքի իրավունքը։
Միայն այս չորս ճյուղերի հստակ ու համակցված աշխատանքի դեպքում է պետությունը համարվում իրավական և ժամանակակից դեմոկրատական արժեքներ կրող։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում, չի համապատասխանում ոչ մի քաղաքագիտական կանոնի, ավելին՝ հակասում է դասագրքային բոլոր նորմերին, քանզի իշխանությունը բռնազավթելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են պետությունը սեփական շահերին ու քմահաճույքներին ծառայեցնելու համար։
Նախ՝ գործադիրը, այնուհետև՝ օրենսդիրն իրենով անելուց հետո, Փաշինյանի հաջորդ թիրախը դարձավ ՀՀ ողջ դատաիրավական համակարգը, որից հետո իշխանությունները կենտրոնացան մամուլի վրա. օրըստօրե ականատես ենք դառնում, թե ինչպես է «մահանում» ազատ խոսքը Հայաստանում։ Ամրագրելով լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն) ազատությունը` Սահմանադրությունը երաշխավորում է մտքի և խոսքի ազատության իրավունքների իրագործումը: Որպեսզի լրատվության միջոցները ճիշտ ծառայեն իրենց նպատակին, դրանք պետք է լինեն անկախ, ազատ և չենթարկվեն գրաքննության:
Անկախ է համարվում այն մամուլը, որը չի ենթարկվում ոչ կառավարությանը, ոչ էլ գրաքննության: Քաղաքացիներն իրավունք ունեն զանգվածային լրատվության միջոցներով օպերատիվ կարգով հավաստի տեղեկություններ և գաղափարներ ստանալ պետական մարմինների ու կազմակերպությունների, հասարակական միավորումների, դրանց պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ: Ակնհայտ փաստ է, որ խոսքի ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակության էական հիմնասյուներից է, առանց որի դժվար է պատկերացնել քաղաքացիական հասարակության ցանկացած ինքնադրսևորում: Այս ամենն ուղղակի կապված է նաև տեղեկատվության ազատության հետ, որոնց ամբողջությունն էլ հասարակությանը վերապահում է «հսկիչի» դեր՝ երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ:
Ազատ խոսքով մտքերն արտահայտելու, ինչպես նաև ազատորեն տեղեկատվություն փնտրելու, ստանալու, տարածելու իրավունքը բոլոր ժամանակներում եղել և մնում է իշխանությունների «թշնամին»: Հենց այդ պատճառով է, որ շատ թե քիչ զարգացած պետություններում խոսքի, տեղեկատվության ազատությունը կարգավորվում է օրենքով՝ տալով դրանց իրացման երաշխիքներ: Վերջին միջադեպը, որը տեղի ունեցավ «Հայելի» ակումբի նկատմամբ, փաստում է այն մասին, որ ՀՀ-ում մամուլն ապահովագրված չէ բռնություններից և ցանկացած պահի կարող է դառնալ հանրության այս կամ այն սեգմենտի հարձակման թիրախ և բացահայտ քարկոծման կենտրոնում հայտնվել։
Հոկտեմբերի 5-ին չորս անձինք «Հայելի» մամուլի ակումբի մոտ ակցիա են իրականացրել՝ ձվեր նետելով ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։ Այդ անձինք պահանջում էին փակել ակումբը և թույլ չտալ հետագա գործունեությունը, սա նրանք հիմնավորել են այն բանով, թե կայքը նյութ է հրապարակել, որն ուղղակի կապված է եղել Իլհամ Ալիևի «Վալդայ» ակումբում հնչած ելույթի հետ։ Երիտասարդները դա համարել են հակահայկական և հայտարարել, թե «Հայաստանում ոչ ոք իրավունք չունի գովերգել Ադրբեջանի ղեկավարին՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանին։
Սակայն անզեն աչքով էլ հասկանալի է, որ սա ընդամենն իմիտացիա է, քանի որ դա ընդամենն առիթ է եղել, որ հարձակում գործեն «Հայելի» ակումբի և կայքի սեփականատեր, լրագրող Անժելա Թովմասյանի վրա։ Թե ինչո՞ւ է հենց այս փուլում Թովմասյանը հայտնվել իշխանությունների թիրախում, լրիվ տրամաբանության տիրույթում է, քանի որ Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է։ Իսկ թե ինչ է կատարվում վերջին մի քանի ամիսների ընթացքում ՍԴ-ի շուրջ, խոսվել է քանիցս։
Միանշանակ է, որ սա ԶԼՄ-ների գործունեությանն ուղղված բացահայտ դեմարշ է և ունի քաղաքական դրդապատճառներ։ Ի դեպ, փաստենք, որ դեռևս իր պատգամավորական գործունեության ընթացքում Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվականները քանիցս «ադրբեջանահաճո» վերնագրերով և ադրբեջանական կայքերին հղում անելով՝ հրապարակումներ են ներկայացրել՝ այդկերպ զուգահեռներ անցկացնելով ՀՀ իշխանությունների ու ղեկավարության հետ։
Սակայն նմանօրինակ վարքագիծ նախկին «քրեաօլիգարխիկ ու կոռումպացված» իշխանությունները երբեք թույլ չեն տվել։ Ասվածի հետ կապված՝ տեղին է փաստել ևս մի լրատվամիջոցի գործունեության մասին, որը ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ամբողջովին «տրվել» է իշխանություններին։
Խոսքը Հ1-ի՝ Հանրային հեռուստատեսության մասին է, որը, չնայած պետական սեփականություն է և փաստացի գոյություն ունի հանրային միջոցների հաշվին, բացառապես սպասարկում է իշխանությունների շահերը։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հանրայինը վարում է բացահայտ ընտրովի քաղաքականություն, հարցազրույցների է հրավիրում հիմնականում իշխանություններին ցանկալի անձանց, ովքեր պիտակավորում են նախկին իշխանություններին։
Արմեն Հովասափյան