«Զոհին և հանցագործին հավասարեցրել են և դրել նույն մակարդակի վրա». Արմինե Օհանյանը՝ «Հայելի» ակումբի դեմ հարձակման մասին

«Հայելի» ակումբի վրա հարձակմանը հաջորդած քննարկումները «Հրապարակ»  օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին լավատեսություն չեն ներշնչում: Լրագրողների հետ հանդիպմանը նա անդրադառնալով թեմային՝ մասնավորապես նշեց. «Երբ հետևում եմ, թե ինչ դիսկուրս է գնում մեր հասարակության մեջ, ես երբեմն սկսում եմ կասկածել, որ մենք 5000-ամյա մշակույթ ունեցող ժողովուրդ ենք»:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը 4 երիտասարդ ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռների, պատերի վրա ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է՝ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ակցիայի պատճառը, նրանց խոսքով՝ Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

«Երբ տեսնում ես՝ խոսակցությունը գնում է հարցերի շուրջ՝ լա՞վ է արդյոք բռնությունը, թե՞ վատ, մամուլը մեզ հարկավո՞ր է, կամ պետք չի՞ մամուլ, կանանց նկատմամբ  կարելի՞ է բռնություն կիրառել, թե՞ չի կարելի, կարելի՞ է իշխանություններին քննադատել, թե՞ չի կարելի քննադատել. Այս մակարդակի դիսկուսիաները պատիվ չեն բերում մեր հասարակությանը և ոչ մի լավ բանի մասին չեն խոսում:

Ցավալին գիտե՞ք՝ որն է՝ հետևում ես ու տեսնում, որ նույնիսկ իրենց մտավորական կոչողները, նույնիսկ պատգամավորները կարող են խրախուսել, ողջունել, այդ տղաներին ասել ՝դուխո՛վ տղաներ, ձեր ցավը տանեմ, և այլն: Սա վտանգավոր տենդենց է և նշանակում է, որ մեր հասարակության մեջ կա մի հսկա շերտ, որը չի հասկանում, թե ուր կարող է գլորվել երկիրն այս տեմպերով:

Պատկերացրեք՝ նման հարձակում լիներ «Հայկական Ժամանակի» խմբագրության վրա. հիմա ոստիկանական ուժերի ամբողջ կարգոն կանգնած կլիներ, կպաշտպանեին, դատախազությունը գործ կհարուցեր, հայտարարություններ կանեին, այդ մարդիկ վաղուց կալանավորված կլինեին: Բումերանգ է այս վերաբերմունքը. Եթե ոչ այսօր, բայց նույն «Հայկական Ժամանակի», նույն իշխանական ներկայացուցիչների դռանը չոքելու է այս ուղտը, չի՛ կարելի նման անտարբերություն»,- ասաց Ա. Օհանյանը:

Օրաթերթի խմբագիրը հիշեց նաև լրագրության միջազգային հայտնի դրվագը՝ «Շարլի էբդո» երգիծական պարբերականի դեմ հայտնի հարձակումը՝ նկատելով, որ ամբողջ հասարակությունը, Եվրոպան ցույց տվեց, որ մերժում է բռնությունը. «Ոչ մեկը չփնտրեց այդ ամսագրում պատճառներ, թե ինչու էին մտել և սպանում այդ լրագրողներին:

Հիմա քննարկումը գնում է այդ մակարդակի. Զոհի մեջ փնտրում են պատճառներ. Զոհին և հանցագործին հավասարեցրել են և դրել նույն մակարդակի վրա»:

Նա խորհուրդ տվեց քաղաքակիրթ արձագանքել հրապարակումներին կամ չկարդալ:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս