Բաժիններ՝

ԶՈՒ մոտ 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. քննարկում Նիկոլ Փաշինյանի մոտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ԶՈՒ սննդամատակարարման գործընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն փոփոխությունը, որ ունենք Զինված ուժերի՝ ժամկետային զինծառայողներին սննդով ապահովելու համակարգում: Մենք այդտեղ տեսնում ենք էական և շոշափելի փոփոխություններ, ինչը նաև շատ դրական արձագանք է գտնում ինչպես զինծառայողների, այնպես էլ հանրության շրջանում: Եվ այսօր պետք է քննարկենք, թե ինչպիսին է ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում գործընթացը, ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, եթե ի հայտ են գալիս, և ինչպես ենք պատկերացնում այդ խնդիրների լուծումը: Նաև պետք է հասկանանք, թե այս հարաբերությունների փոփոխության արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում, այդ փոփոխություններն ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, և ինչ հետևություններ են բխում այս ամենից:

Կարծում եմ՝ նաև կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով մենք ինչ երկարաժամկետ պատկերացում և հաշվարկներ ունենք, և այսօրվա մեր հաշվարկները ինչքանով են համապատասխանում նախնական պայմանավորվածություններին, որոնց մասին խոսել ենք այս համակարգը ներդնելուց առաջ: Այս պահի դրությամբ մենք փաստորեն աշխատում ենք 6 ընկերությունների հետ, որոնք մատակարարում են շուրջ 7000 մարդու: Այնպես որ եկեք սկսենք այս հարցի քննարկումը, որպեսզի նաև միջանկյալ հետևություններ անենք և երկարաժամկետ որոշումներ կայացնենք»:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգին վերաբերող մի շարք հարցեր: Նշվել է, որ այս պահի դրությամբ այս համակարգով արդեն սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում, և միջանկյալ արդյունքները խոսում են պրոցեսի դրական ընթացքի մասին: Քննարկվել են ԶՈՒ-ում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման առնչությամբ հետագա քայլերին ու անելիքներին առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ սննդամատակարարումը պետք է դիտարկել որպես Զինված ուժերի մարտունակության անբաժանելի մաս, և գործընթացը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով: «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի զինվորը, նրա կարիքները, և ամեն ինչ պետք է արվի այնպես, որպեսզի զինվորն ստանա այն, ինչ պետությունն իր համար նախատեսում է: Մենք միանշանակ պետք է գնանք այս ճանապարհով և պետք է սա դարձնենք ուժեղ ու կայացած ինստիտուտ: Այստեղ անկյունաքարայինը պատերազմական իրավիճակում մատակարարման հարցն է, և պետք է համբերատար աշխատել այն ճիշտ կազմակերպելու ուղղությամբ», – նկատել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել և գործընթացի արդյունավետ կազմակերպման համատեքստում կարևորել պետություն-մասնավոր հատված մշտական գործուն կապը, մշտական համատեղ աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս