«Ցավում եմ, որ մեր հարգելի պարոն վարչապետը, չգիտեմ՝ ինչից ելնելով՝ հավատացել է այդ անձնավորությանը». Դավիթ Սանասարյանի փաստաբան
«Ցուցումներ կային, որ գործը պիտի դատարան գնար»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ հղում տալով ԱԱԾ նախկին տնօրենի այն հայտարարությանը, թե՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործն ուղարկվի դատարան:
Անդրադառնալով 168.am-ի դիտարկմանը, թե Վանեցյանը մինչ դատարանի մասին խոսելը նաև ծանրակշիռ փաստեր էր վկայակոչել՝ Դ. Սանասարյանն արձագանքեց. «Ո՞ւր են»:
Հիշեցնենք, որ Ա. Վանեցյանը դեռևս 2019 թ. ապրիլին նշել էր, որ մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործն ուղարկվի դատարան:
Առերեսումներին անդրադառնալով՝ Դ. Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը հստակեցրեց, որ միայն Ադյանի և Թորոսյանի ցուցմունքներն են եղել այն առերեսումները, որոնք վերաբերում են գործի հանգամանքներին:
Մեր հարցին՝ արդյոք «Նոր Հայաստանում» հնարավորություն կա՞ ինչ-որ մարդկանց «հրահանգով» ինչ-որ մեկի վրա «ուղղորդված» «գործ կարել», Դ. Սանասարյանը պատասխանեց. «Ցավ եմ ապրում, բայց փաստորեն իմ գործով ես տեսնում եմ, որ կա, ես գիտեի՝ չկա: Բայց այս գործը մի ուրիշ կարևոր միտք է տալիս, որ հեղափոխությունը պետք է մինչև վերջ հասցնել, պետք է ավարտին հասցնել, ու իրավապահ համակարգն առհասարակ պետք է լուրջ փոփոխությունների ենթարկվի:
Ես վստահ եմ, որ դատարանում ավելի մանրամասն այս մասին կխոսենք, այս գործի ավարտին մտածելու նոր տեղեր է լինելու, ու ես ինքս մասնակցելու եմ առհասարակ այդ համակարգերի փոփոխման գործընթացին՝ անցնելով այս դատավարության միջոցով»:
Դ. Սանասարյանի փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանը նույնպես կարծում է, որ հեղափոխությունը պետք է իր ավարտին հասցվի: Ըստ նրա՝ ՊՎԾ նախկին պետի գործը գնաց դատարան, քանի որ այնտեղ պաշտոնավարում է Արթուր Դավթյանը.
«Նա դեռևս պիտի մարսի «Հաց բերողի» պատմությունը, Անդրեաս Ղուկասյանի պատմությունը…: Ակնհայտ է, որ Արթուր Դավթյանը պետք է չլինի. ամեն ինչ գալիս է այդ անձնավորությունից:
Մի անձ, որը պետք է դեռևս մեկուկես տարի առաջ հրաժարական տված լիներ, այլ ոչ թե գնար և վարչապետ Փաշինյանի մոտ երդում ուտեր, ասեր, որ ինքը վերափոխվել է և պայքարելու է իր նախկին բաժակակից ընկերների դեմ, և ցավում եմ, որ մեր հարգելի պարոն վարչապետը, չգիտեմ՝ ինչից ելնելով՝ հավատացել է այդ անձնավորությանը»:
Մեր ճշտող հարցին, թե կարո՞ղ ենք ասվածից ենթադրել, որ ներկա բոլոր գործերը, որոնք դատախազության ձեռքի տակով են անցնում, արժանահավատ կերպով, արդարացիորեն չեն ուսումնասիրվում, չեն քննվում, նա պատասխանեց.
«Գիտեք, ես հստակ անվստահություն ունեմ Գլխավոր դատախազի նկատմամբ, և այն հիմնված է տարբեր քրեական գործերով: Այսինքն՝ այն գործերի նկատմամբ, որոնց մասով նա կարող է ինչ-որ բանից ելնելով՝ պատվեր ստանալ: Ամեն իրավիճակում փոփոխության ենթարկվող անձնավորություն է. նա ո՞նց կարող է վստահելի լինել որևէ կառավարության համար, որպես անձնավորություն՝ նա անվստահելի երևույթ է»:
Ի դեպ, Դ. Սանասարյանը տեղեկացրեց նաև, որ հիմնական գործից այլ գործ է անջատվել նախաքննության ավարտին. «Ապօրինի կերպով նախաքննության ավարտին մի առանձին մաս է առանձնացվել իմ նկատմամբ, ու չեն ասում՝ ինչի մասին է խոսքը, նախաքննություն է շարունակվում. Իմ նկատմամբ կրկնակի հետապնդում է տեղի ունենում: Ես գիտեմ հիմա, որ այլ բաներ են ուզում փորփրել: Ես իրենց կոչ եմ անում՝ մնացե՛ք ձեր կոչումին համապատասխան, մի՛ արեք, չեք կարող»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան