«ԲՀԿ-ի որոշումը քաղաքական է». Մակունցը՝ ԲՀԿ-ի դիրքորոշման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ պետք է ի գիտություն ընդունել ԲՀԿ-ի դիրքորոշումը ՍԴ-ի վերաբերյալ նախագծի առնչությամբ:

«Պետք է նկատենք, որ ԲՀԿ-ն ասում է՝ ոչ թե դեմ կամ կողմ են քվեարկելու, այլ առհասարակ նախընտրում են չմասնակցել քվեարկությանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ-ի վերաբերյալ նախագծի քվեարկությանը:

Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նախագծում ներկայացված հիմնավորումները թույլ են, ավելին՝ Հրայր Թովմասյանի մնալ-չմնալու հարցն ԱԺ-ն չի որոշում:

Լիլիթ Մակունցը համաձայնեց՝ Ծառուկյանն իրավացի է, ԱԺ-ն չէ Թովմասյանի լիազորությունների հետագա ճակատագիր որոշողը, այն միայն նախագիծ է ներկայացնում Սահմանադրական դատարանին, և այդ կառույցն է որոշում, թե ինչ է տեղի ունենալու հետագայում:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է իրենց հետագա քայլերին, Մակունցն ասաց, որ չեն պատրաստվում աչք փակել այն իրավական փաստարկների վրա, որոնք ի հայտ են եկել՝ օրենքի տառին համապատասխան հետևում են գործընթացներին:

«Ես շարունակում եմ պնդել իմ այն տեսակետը, որ նմանատիպ հարցերում շատ կարևոր է դիրքորոշում արտահայտելը և, իհարկե, իրավական փաստարկների արդյունքում կոնսենսուսի գալով առաջ գնալը: Ուզում եմ նկատել, որ այս պարագայում ԲՀԿ խմբակցությունն ընդամենը գերադասում է չհայտնել կարծիք:

Կարծում եմ՝ սրանք տարբեր բաներ են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում ԲՀԿ-ն այլ դիրքորոշում է հայտնել, այս պարագայում, իհարկե, անհասկանալի է դիրքորոշում չարտահայտելը: Նրանք չեն արտահայտել դիրքորոշում, որ դեմ են նախագծին կամ կողմ, այլ նախընտրել են դիրքորոշում չարտահայտել»,- շեշտեց նա:

Ըստ Մակունցի, իր համար անհասկանալի է, երբ իրավական հիմնավորումների պարագայում դրանք դրվել են մի կողմ, հակառակ պարագայում ԲՀԿ-ն կհայտներ, որ իրավական հիմքերը թույլ են, այդ պատճառով էլ դեմ են քվեարկելու:
«Կարծում եմ՝ ԲՀԿ-ի որոշումը քաղաքական է»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս