Արցախի ՄԻՊ-ը դասախոսություն է կարդացել Ստրասբուրգի համալսարանի ուսանողների համար

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգ իր այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին այցելել է Ստրասբուրգի համալսարան և միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի մի խումբ ուսանողների համար դասախոսություն կարդացել ադրբեջանա-արցախյան հակամարտության, Արցախի պետականաշինության ընթացքի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու իրավիճակի մասին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պաշտպանը հակիրճ ներկայացրել է հակամարտության պատմությունը՝ շեշտադրելով, որ այն ծագել է հայության արցախյան հատվածի հիմնարար իրավունքների տևական ու կոպիտ ոտնահարման հետևանքով, որոնց վերջնական նպատակը հայրենազրկումն էր. «Ահա այդ պատճառով ավելի քան 30 տարի առաջ Արցախի բնակչությունը ոտքի կանգնեց ընդդեմ ադրբեջանական բռնակցման և հանուն իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության: Դա առաջադեմ շարժում էր՝ հենվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, սակայն ստիպված էինք ծանր պատերազմում պաշտպանել սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը: Այժմ Արցախն ընթանում է պետականաշինության և զարգացման ճանապարհով՝ զուգահեռաբար դիմագրավելով ադրբեջանական սպառնալիքները»:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակը, մեխանիզմներն ու մարտահրավերները: Նա շեշտել է, որ Արցախը պատրաստակամ է հնարավորինս կիրառել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափորոշիչները՝ իրեն համարելով միջազգային հանրության անբաժանելի մասը:

Պաշտպանը հրավիրել է համալսարանականներին այցելել Արցախ և հետազոտություններ իրականացնել տարածաշրջանի վերաբերյալ: Նա վերջում պատասխանել է ուսանողների հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս