ՀՀ և Սինգապուրի վարչապետները հեռավորությունը համագործակցության խոչընդոտ չեն համարում
Հայաստանի Հանրապետության ու Սինգապուրի վարչապետները երկկողմ համագործակցության համար երկրների միջև հեռավորությունը խոչընդոտ չեն համարում: Այս մասին վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Լի Սյեն Լուն ասացին սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հեռավորությունն ու պատմությունը գործոն են, բայց հարաբերությունների զարգացման առաջ մղման ներուժը միշտ կա, և մենք շատ բան կարող ենք անել դրա համար: Մենք համագործակցության մի շարք հուշագրեր ենք ստորագրել: Սրանք գործնական բաներ են, որոնք մենք կարող ենք անել, որպեսզի խթանենք երկու պետությունների միջև համագործակցությունը. միասին կարող ենք աշխատել մեր տարածաշրջաններում, որպեսզի խորացնենք տարածաշրջանի երկրների հետ կապերը: Մենք միասին աշխատում ենք միջազգային հարթակներում, Հայստանը ՄԱԿ-ում փոքր պետությունների ֆորումի անդամ է, մենք աշխատում ենք միասին, որպեսզի մեր ձայնը լսելի դարձնենք, առաջ տանենք մեր շահերը, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել ու առաջ մղել մեզ երկուսիս մտահոգող հարցերը»,- նշեց Սինգապուրի վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ նման այցերը ևս կրճատում են հեռավորությունը:
«Այս այցերի շնորհիվ Սինգապուրն ու Հայաստանը մոտեցել են իրար, և սա համագործակցության լավ հենք է ստեղծում: Տուրիզմի տեսանկյունից մենք լայն հնարավորություններ ունենք համագործակցության համար: Ես շատ կցանկանամ, որ ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ լինեն Սինգապուրում, տեսնեն, զգան այդ երկիրը, և ավելի մեծ թվով Սինգապուրի քաղաքացիներ այցելեն Հայաստան, տեսնեն, զգան մեր երկիրը: Ի վերջո, 21-րդ դարում տարածությունը կրճատելու շատ կարևոր գործիք կա, դա համագործակցությունն է տեխնիկական ոլորտում: Ուրախ եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք պետք է համագործակցենք: Հավատում եմ, որ փոխադարձ ջանքերով կկարողանանք կրճատել այն տարածությունը, որը կա ՀՀ-ի ու Սինգապուրի միջև»,- ասաց Փաշինյանը:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Նիկոլ Փաշինյանի հրավերով: