
Զոհրաբ Մնացականյանը և Իրաքի ԱԳ նախարարը կարևորել են գործարար կապերի խթանումը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել է իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալհաքիմին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը և Իրաքը հուսալի գործընկերներ են, որոնց միավորում են պատմական ամուր կապերն ու քաղաքակրթական ընդհանուր արժեքները:
Երկուստեք կարևորվեցին գործարար կապերի խթանումը, այլընտրանքային էներգիայի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խթանումը, երկու երկրների ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված կապերի ամրապնդումը: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերը Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև դարավոր բարեկամության պահպանման գործում:
Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագորթյան մեջ: