«Լուսավոր Հայաստան»-ի ձեռամբ՝ կուժեղանա ԱԱԾ-ի ու Ոստիկանության կախվածությունը իշխող կուսակցությունից. Արփինե Հովհաննիսյան. News.am

Ազգային ժողովի նակին փոխնախագահ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպություն հիմնադիր նախագահ Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած օրինագծին, եւ այդ խմբակցության դիրքորոշմանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությանը միանալուն:

Սեպտեմբերի 16-ին խորհրդարանը ընդունեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած նախագիծ, ըստ որի Ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարների համար հանվեցին համակարգի ներսում մասնագիտական որոշակի ստաժ ունենալու պահանջը եւ նրանց ներկայացվում են նույն պահանջները ինչ պատգամավորներին։ Փաստացի կարելի է ասել այդ պաշտոնները դառնում են քաղաքական, ի՞նչ կարծիք եք նախագծի մասին, այն ի՞նչ վտանգներ է պարունակում։

Իրականում ես այս նախագիծը այս տեսքով, այս լուծումներով համարում եմ չափազանց խնդրահարույց։ «Լուսավոր Հայաստանում» նշում են, որ փաթեթը, որով իրենք առաջարկում էին ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դուրս բերել վարչապետի ենթակայությունից, մերժվեց, սակայն այս մի առաջարկը, այսինքն այդ մարմինների ղեկավարների պաշտոնները դարձնել քաղաքական՝ իշխող մեծամասնության կողմից ընդունվեց։ Այսինքն՝ ստացվում է իրավիճակ, որ այն լուծումը, որ ի սկզբանե դրական էր, մերժվել է Կառավարության կողմից, սակայն արդյունքում մնացել է խիստ վտանգավոր լուծումը։

Ընդհանարապես ոստիկանության, ԱԱԾ ղեկավարներին ներկայացվող պահանջները տարբերվում են ողջ միջազգային պրակտիկայում, սակայն կա մի ընդհանուր գիծ,որը որպես կանոն միավորում է տարբեր երկրներին։ Այն երկրներում, որտեղ նման մարմինների համակարգումը իրականացնող պաշտոնը համարվում է քաղաքական պաշտոն, առկա է ներքին գործերի նախարարություն կամ մեկ այլ անվանմամբ նախարարություն, որը համակարգում է իրավապահ համակարգի գործունեությունը եւ հենց նախարարն է այդ քաղաքական պաշտոնյան։ Դա է պատճառը, որ աշխարհի երկրներից շատերում, մոտ 120 երկրում առկա է ներքին գործերի նախարարությունը։ Ավելին Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրներից 43-ում առկա են ներքին գործերի նախարարություններ։ Ընդ որում, օրենքներում հստակ նշվում է, որ Ոստիկանությունը գործում է օրինակ Ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո(օրինակ՝ Չեխիայում), կամ նախարարության մաս է (օրինակ՝ Սլովենիա) կամ օրենքներում նշվում է ներքին գործերի նախարարի գործառույթները՝ սկսած պաշտոնների նշանակումից մինչեւ գնահատում (օրինակ՝ Էստոնիա)։ Այդ օրենքներով ոստիկանական մարմինների ղեկավարներին ներկայացվում են ավելի մասնագիտական պահանջներ։

Իսկ ինչ ունենք մենք, «Լուսավոր Հայաստան»ը, հրաժարվելով իր սկզբնական լուծումներից, բերում է մի լուծում, որը ոչ միայն չի իրագործելու իրենց սկզբնական նպատակը՝ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դուրս բերել վարչապետի ենթակայությունից, այլ ընդհակառակը էլ ավելի է ուժեղացնելու այդ մարմինների կախվածություն իշխող քաղաքական ղեկավարությունից, միաժամանակ վերացնելով քաղաքական պատասխանատվությունը։ Շատ հետաքրքիր իրավիճակ է, երբ «Լուսավոր Հայաստան»-ը ստանում է իրենց նախնական գաղափարի իրականացման մերժումը, սակայն արդյունքում համաձայնության է գալիս մի այլասերված կարգավորման շուրջ, որը նպատակահարմար է գործող իշխանության համար։

Ակնհայտ է, որ դա նույնիկ կիսալուծում չի կարող համարվել, որովհետեւ ի տարբերություն նախնական, այդ թվում նախընտրական շրջանում քննարկումների, որ պետք է լինի մեխանիզմ, որ ուժային կառույցները գան խորհրդարան հարց-պատասխանին մասնակցելու, նույնիսկ դա չկա։

Այսինքն՝ մարդիկ կարճ ճանապարհ են գտել, բայց որը որեւէ լուծում չի տալիս։ Եթե նպատակը քաղաքական պաշտոն սարքելն էր, անհրաժեշտ էին սահմանադրական փոփոխություններն էին, որով այդ մարմինները հաշվետու կլինեին խորհրդարանին չունենալով նախարարի կարգավիճակ կամ կստեղծվեին համապատասխան նախարարություններ։ Սակայն այս տարբերակով, խորհրդարանական փոքրամասնությունը կերտում է քաղաքական պաշտոն, որը որեւէ կերպ նույն խորհրդարանին հաշվետու չէ։

Իրականում, եթե նախագիծը չընդունվեր այս ժամանակահատվածում, ես այդքան մտահոգություններ չէի ունենա, սակայն, եթե խոսքը գնում է օրենսդրական գործընթացի մասին, երբեք չես կարող վերացարկվել այն հանգամանքներից ու այն ժամանակաշրջանից, որը ուղեկցում է նախագծի ընդունմանը։ Բերել նախագիծ, երբ երկիրը հեկտիկ փուլ է ապրում, երբ ամեն նոր օր բերում է անկայության իր չափաբաժինը, երբ ուժային կառույցներին առավել քան երբեւէ պետք է կայունություն, ապա մեղմ ասած սա եւ’ քաղաքական, եւ’ իրավական առումով կարճատեսություն է։

Երբ ընդդիմադիր խմբակցության կողմից բերվում են այսպիսի չոր եւ կտրուկ լուծումներ, որոնք ընդհանարապես հաշվի չեն առնում մասնագիտական կառույցի յուրահատկությունները եւ գործող իշխանության համար նախատեսում են առանց որեւէ սահմանափակումների եւ հակակշիռների գործելու հնարավորություն, «Լուսավոր Հայաստան»-ի վրա է մնալու այն պիտակը, որ իշխանությունը իր համար ամենահարմար պահին հենց «Լուսավոր Հայաստան»-ի ձեռքերով է շագանակներ հանում կրակից։ Ի դեպ, անկախ նրանից թե այդ կուսակցության ներկայացուցիչները օրը քանի անգամ հեգնական թե կիսահեգնական տոնով, կրեատիվ կամ ոչ այնքան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս