«Հայաստանը վերջիվերջո որոշում պետք է կայացնի՝ ում հետ է». Սերգեյ Շաքարյանցը՝ ԵՏՄ վեհաժողովի ու դրան հաջորդող գործընթացների մասին
Քաղաքագետներն ու տարածաշրջանային փորձագետները հոկտեմբեր ամսին կանխատեսում են նոր և լուրջ զարգացումներ: Նման կանխատեսման համար նրանք մատնանշում են Իրանի նախագահ Ռուհանիի Երևան ժամանումը՝ ԵՏՄ վեհաժողովի ֆոնին, Ռուսաստանում սպասվելիք Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ վեհաժողովը, ռուս-թուրքական մերձեցման ներկայիս ակտիվ փուլն ու Սիրիայում ազդեցության գոտիների վերաձևումները:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը վստահ է, որ Երևանում հոկտեմբերի 1-ին սպասվող ԵՏՄ վեհաժողովը կունենա կարևոր դերակատարում թե՛ տարածաշրջանի, թե՛, մասնավորապես, Հայաստանի համար:
Ըստ նրա՝ վեհաժողովի ամսաթիվն ու տեղի ընտրությունը նույնպես պատահական չէ. «Հոկտեմբերի 1-ի ուրույն տեղը 2019թ.-ի ընթացքում հնարավոր չի չնկատել. հոկտեմբերի 1-ից մեր հարևան Իրանը ստանձնում է Սիրիայի ամենախոշոր Լաթաքիա նավահանգստի գլխավոր օպերատորի դերը, ինչը նշանակում է, որ, բացի Իրանի քաղաքացիական սպասարկողներից, նույն Լաթաքիայում հայտնվելու են Իրանի զորքերը, որոնք տվյալ կառույցների անվտանգությունը պիտի ապահովեն, և եթե դրան գումարենք այն, որ Սիրիայում կա Ռուսաստանի պաշտոնական երկու ռազմաբազա, մենք ստանում ենք հետաքրքիր պատկեր»:
Քաղաքագետը այս ֆոնին կարևորեց նաև Չինաստանի դերը՝ նշելով, որ հնարավորինս բարձր մակարդակով նաև հայտարարվել է, որ Հնդկական օվկիանոսում ռազմածովային զորավարժությունները դառնալու են եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Չինաստան եռյակի միջև:
Ըստ նրա՝ վերջիվերջո հարց պիտի դրվի Հայաստանի առջև՝ ընտրել այս ռազմաքաղաքական և քաղաքատնտեսական դաշի՞նքը, թե՞ Արևմուտքը.
«Հայաստանը վերջիվերջո որոշում պետք է կայացնի՝ ում հետ է ֆինանսական ոլորտում, ռազմաքաղաքական ոլորտում: Այստեղ գալու են երկուսը՝ ճշտելու, թե Հայաստանն ում հետ է: Ուրիշ հարցեր էլ կքննարկվեն, բայց սա է լինելու գլխավոր հարցը՝ դու ինձ հե՞տ ես, Սիրիան մերն է, Իրաքը շուտով մերը կդառնա, Թուրքիան մեր ջեբն է… մեզ միանում է Չինաստանը. դոլարազուրկ հարաբերությունների պատա՞ստ ես մասնակցել, մենք աշխարհը պատրաստում ենք նոր փուլի: Սա է գլխավոր հարցը, որը պիտի լուծի ՀՀ իշխանությունները հոկտեմբերի 1-ից հետո. Չի՛ լինի կիսատ-պռատ մասնակցել և՛ այստեղ, և՛ այնտեղ»:
Ս. Շաքարյանցը պնդում է, որ հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթը՝ կարելի է ասել, որ Հայաստանը շարունակում է «և՛-և՛»-ի քաղաքականությունը. «Իմանալով՝ ինչ է կատարվում Հայաստանի շուրջ, գնալով ԱՄՆ, որտեղ դրանից առաջ վիզաների սկանդալ էր սկսվել, և փաստացի ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը չի գնացել, եկել ես էնտեղ ու շարունակում ես լայն ժպիտով բոլորին հիացնես, բայց հայտարարում ես, որ Ռուսաստանը քո ռազմավարական թիվ մեկ դաշնակիցն է, բայց էն մարդը, որը պատվիրել է հեղաշրջումը Հայաստանում, մի՞թե նա ուրախ է, որ դա ասում ես իր տան մեջ»:
Քաղաքագետը նման հայտարարությունների շարքին դասեց նաև Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու հարցը. «Մարդ զարմանում է, թե ոնց ես դու համարձակվում այդ սուր պայմաններում, երբ Իսրայելը չի ցանկանում ՀՀ-ում դեսպանություն բացել, նման հայտարարություններ անել»:
Մեր արտաքին քաղաքականության մեջ Արցախի հարցի կարևորությունն ընդգծելով՝ Ս. Շաքարյանցն այդուհանդերձ կարծում է, որ Վեհաժողովում և անդրկուլիսյան բանակցություններում շեշտադրումը չի լինելու Արցախյան խնդրի վրա: Նա ձեռնպահ մնաց ենթադրություններից, թե կարելի է սպասել ուղղակի անդրադարձ Արցախյան գործընթացներին. «Քանի որ մենք իրականում չենք իմանում՝ Պուտին-Ռուհանի առաջարկությունների փաթեթն ինչ է պարունակելու»:
Նա նշեց նաև, որ ՀՀ դիրքորոշումով պայմանավորված՝ կլինեն որոշակի անուղղակի ազդեցություններ:
Զարուհի Դիլանյան