
Թբիլիսին հանդես է գալիս Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու օգտին

Թբիլիսին հանդես է գալիս Պրահայում Մոսկվայի հետ երկխոսությունը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումների ձեւաչափով շարունակելու օգտին:
«Մենք հանդես ենք գալիս երկխոսությունը շարունակելու օգտին: Այո, իհարկե, ես պաշտպանում եմ Պրահայի ձեւաչափը եւ հանդես եմ գալիս այն շարունակելու օգտին»,- սեպտեմբերի 25-ին ասել է Աբաշիձեն ՏԱՍՍ-ի թղթակցին։
Սեպտեմբերին ավելի վաղ ՌԴ պետքարտուղար, արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, որն Աբաշիձեի հետ բանակցություններում ներկայացնում էր ռուսական կողմը, թողել է իր պաշտոնը: Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակել Անդրեյ Ռուդենկոյին, որն ավելի վաղ զբաղեցնում էր ԱՊՀ-ի երկրների Երկրորդ դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:
Թե ով կներկայացնի Ռուսաստանը Վրաստանի հետ բանակցություններում, առայժմ հայտնի չէ: Աբաշիձեն կարծում է, որ անհրաժեշտ է սպասել եւ միայն դրանից հետո կոնկրետ հայտարարություններ անել: Աբաշիձեն վերջին անգամ Կարասինի հետ Պրահայում հանդիպել է հունիսի 13-ին: