«Դե երևի մոլորվել էր, էլի, էլ ո՞նց ասեմ». Դավիթ Տոնոյանը պարզաբանել է իր հայտարարությունը

Շենգավիթի զինկոմիսարիատում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Արցախի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի մասով իր երեկվա հայտարարությունը:

«Երբ ես ասացի, որ տարօրինակ իրավիճակում է հայտնվել այդ դիվերսանտը, ինչպե՞ս գնահատեմ. տեղի մասով միջդիրքային տարածքում է գտնվել, ժամանակի առումով, երբ երկու արտգործնախարար իրար հետ հանդիպում են, իսկ գործողությունների մեջ նռնակ է նետում: Դե երևի մոլորվել էր, էլի, էլ ո՞նց ասեմ: Դա է իմ ասածը: Տեղի, վայրի, ժամանակի, իր գործողությունների առումով և նաև հատուկ ստորաբաժանման համազգեստ կրելու հետ կապված, եթե այլ մեկնաբանություն կարող է լինել… Եվ ամենակարևորը, որ մեր պաշտպանական բանակի զինծառայողն այնքան զգոն է եղել, որ համապատասխան թիրախավորել է, ինչի համար ես այդ զինծառայողին շնորհակալ եմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում տեղակայված հավաքակայան այցելած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական դիվերսիային` նշել է.

«Ե՛վ գործողության ժամի առումով էր շատ տարօրինակ, և՛ ներգրաված անձնակազմի, և՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավման, համենայնդեպս, այն, ինչ զեկուցվել է, այն, որ եղել է համազգեստ… Միգուցեև մոլորվել են: Այս պահին մենք պատասխան տալու բան չունենք, հակառակը` կատարել ենք մեր հումանիտար պարտքը: Այսինքն` ՊԲ-ն իրականացրել է այն, ինչը պիտի իրականացներ»:

Այնուհետ հավելել է. «Այս պահին մենք էլ ենք վերլուծություն անում, թե իրականում ինչ է կատարվել: Բացի դրանից, պետք է հասկանալ, թե ՊԲ-ի գնահատականն ինչպիսին է, որովհետև կրկնում եմ` և՛ ժամի, և՛ ներգրաված թվաքանակի, և՛ գործողությունների առումով շատ տարօրինակ բան է կատարվել տեղում»:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս