«Շատ տարօրինակ բան է կատարվել տեղում». Դավիթ Տոնոյանը՝ հակառակորդի դիվերսիոն փորձի մասին
Սեպտեմբերի 22-ին, ժամը 16:15-ի սահմաններում արցախաադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ էր շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի և Ադրբեջանի շփման գծից։
Այսօր մեկնարկած զորավարժանքների շրջանակում Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում տեղակայված հավաքակայան այցելած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական դիվերսիային` նշեց.
«Ե՛վ գործողության ժամի առումով էր շատ տարօրինակ, և՛ ներգրաված անձնակազմի, և՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավման, համենայնդեպս, այն, ինչ զեկուցվել է, այն, որ եղել է համազգեստ… Միգուցեև մոլորվել են: Այս պահին մենք պատասխան տալու բան չունենք, հակառակը` կատարել ենք մեր հումանիտար պարտքը: Այսինքն` ՊԲ-ն իրականացրել է այն, ինչը պիտի իրականացներ»:
Հիշեցմանը, որ մոտ 2.5 տարի առաջ թշնամին դարձյալ այս ուղղությամբ էր դիվերսիոն փորձ ձեռնարկել, Դավիթ Տոնոյանը խուսափեց գնահատականներից.
«Այս պահին մենք էլ ենք վերլուծություն անում, թե իրականում ինչ է կատարվել: Բացի դրանից, պետք է հասկանալ, թե ՊԲ-ի գնահատականն ինչպիսին է, որովհետև կրկնում եմ` և՛ ժամի, և՛ ներգրաված թվաքանակի, և՛ գործողությունների առումով շատ տարօրինակ բան է կատարվել տեղում»:
Իսկ թե այսօր մեկնարկած զորավարժությանն ինչ սցենար է խաղարկվել՝ հարցին, նախարարը պատասխանեց. «Հաշվեք՝ ապրիլյան պլյուս»:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ