
Հայաստանի օրակարգում է միջազգային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտի կառուցումը

Հայաստանի օրակարգում է նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտի կառուցումը, որտեղ հնարավոր կլինի միջազգային խաղեր կազմակերպել: Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին: «Դա մեր երկրի օրակարգում կա: Ես համոզված եմ, որ մենք այդ խնդիրն անպայման լուծելու ենք»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ Եվրոպայում ֆուտբոլը ոչ միայն սպորտաձև է, այլ նաև տնտեսության ճյուղ: «Այս առումով, մենք, իհարկե, ֆուտբոլի զարգացումը շատ կարևորում ենք: Բայց մենք ֆուտբոլը դիտում ենք ոչ միայն որպես տնտեսության ճյուղ, ոչ միայն որպես սպորտ, այլև հանրային կյանքի կազմակերպման կարևոր միջոց, երիտասարդության, պատանիների կյանքի կազմակերպման կարևոր միջոց: Այս տարի Հայաստանում մինչև տարվա վերջ կբացվի մոտավորապես 50-ից ավելի արհեստական ծածկով ֆուտբոլի դաշտեր Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչը թույլ կտա, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն ունենան»,- ասաց ՀՀ վարչապետը: