«Չեմ խորշում ծնկի գալուց, բայց միայն Աստծո առաջ». Քահանան՝ վարչապետի հայտարարության մասին

Օձունի և ենթաշրջանների հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի խոսքով՝ Լոս Անջելեսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականության մասին հարց ուղղած անձնավորությունը նախկինում կարգալույծ եղած հոգևորական է։

Ըստ քահանայի, հարց տվողի դեմքն այդքան էլ լավ չի երևացել, բայց եթե չի սխալվում՝ նրան նախկինում կարգալույծ են արել։

«Այն, որ այդ մարդն ասում էր, թե եկեղեցականների վարքն ընկել է, հենց իր նմանների պատճառով է ընկել և, փառք Աստծո, նա այսօր կարգալույծ է։ Վստահ եմ, որ վարչապետը քննարկումներից հետո կմեկնաբանի իր ասածը։ Ընդամենը կարող եմ ասել, որ մեր եկեղեցին միշտ եղել է պետության կողքին։ Նույնիսկ հեղափոխությունից հետո ոմանք փորձեցին դա շահարկել՝ եկեղեցու պետականամետ լինելը ներկայացնելով՝  որպես  իշխանամետություն»,- ասաց Տեր Վրթանես Բաղալյանը։

Ըստ նրա՝ Պապ թագավորը եկեղեցու ոխերիմ թշնամին չի եղել, այլ հարց է, որ այդպես են կարծում շատերը։

Քահանան նաև ընդգծեց, որ չի խորշում ծնկի գալուց, բայց միայն Աստծո առաջ։

«Ամեն օր էլ ծնկի եմ իջնում, աղոթում իմ ազգի, եկեղեցու, իմ ժողովրդի համար, նաև՝ պարոն վարչապետի ու նախագահի համար։ Վարչապետին տրվող հարցը սադրիչ էր, փորձ էր ատելության մթնոլորտ ստեղծել»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով եկեղեցուն և հոգևորականներին՝ ասել էր. «Երբ ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է. եկեք քանդենք: Ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառիս բուն և փոխաբերական իմաստով: Եկեղեցին կառավարվում է իր ծխական կառույցների միջոցով և շարունակելու է այդպես լինել, և կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին կյանքին: Դա չի նշանակում, որ կառավարությունը եկեղեցու հետ չի խոսում, քննարկում, եկեղեցին ինքը պետք է ասի, թե ինչ գործերում է ակնկալում կառավարության աջակցությունը, որ Հայ Առաքելական եկեղեցին ավելի ուժեղ, մեր ժողովրդի հավատքը ուժեղ լինի»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս