«Պատահական չէ, որ այս քննարկումը բացվում է նախարարների հանդիպումից առաջ»

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովին: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայանալիք հանդիպմանն ընդառաջ ռազմատենչ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարության վերաբերյալ ասել էր, թե առաջիկայում իրենք իրենց խոսքը կասեն ռազմի դաշտում:

Ուշագրավ է նաև այն, որ ադրբեջանական սպառնալիքներին զուգահեռ՝ Բաքուն հումանիտար բնույթի համաձայնություններ է ցանկանում ձեռք բերել հայկական կողմի հետ՝ նշելով, որ պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին, Ստեփանակերտում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին այս մասին գրություն է ուղարկել համապատասխան միջազգային կառույցներին: Հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր Բաքվի՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու այդ առաջարկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ պնդել էր՝ «փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նախօրեին ասել է, որ ոչինչ բացահայտել չի կարող:

«Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում՝ որոշ տեղեկատվության ճշգրտելու համար, և երբ այն ստանանք ադրբեջանական կողմից, կարձագանքենք: Հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնել իրենց տները և աջակցելու է այդ գործընթացին։ Ես աշխատում եմ, որ իմ քաղաքացիներին վերադարձնեմ Հայաստան»,- նշել է նա՝ հավելելով, որ չի բացառում, սակայն դա պետք է լինի Արցախի ինքնիշխան որոշումը:

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն իր հերթին՝ ասել էր. «Հայ ազգի քաղաքացիներին նրանք պարտավոր են բաց թողնել. այդ մարդիկ ահաբեկիչներ, մարդասպաններ և հանցագործներ չեն, իսկ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է փոխանակել մարդկանց, ում առանց այդ էլ պարտավոր է ազատ արձակել, ահաբեկիչների, մարդասպանների հետ։ Նրանց մեղքը և հանցանքը բացահայտվել են թափանցիկ և բաց դատավարության ժամանակ, որտեղ ներկա են եղել և՛ միջազգային փորձագետներ, և՛ մարդու իրավունքների պաշտպաններ, և՛ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Սա հոգեբանական, քաղաքական և դիվանագիտական ահաբեկչություն է։ Այդպիսի բան չի կարող տեղի ունենալ»։

Թե որքանով Բաքվի այս առաջարկը կարող է դառնալ վերջին ամիսներին կողմերի կողմից հայտարարված հումանիտար ծրագրերի մաս՝ դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ, ինչպես այս տարվա հունիս ամսին, հայկական կողմի նախաձեռնությամբ, ադրբեջանական կողմը ցանկանում է դիվերսանտ ահաբեկիչներին դարձնել հումանիտար գործընթացի մաս:

Նշենք, որ հունիսի վերջին Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի էին փոխանակել՝ 2019թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և 2017թ. հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին, չնայած ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: «Իբրահիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը»,- նշել էր ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ նախարարների վերջին ամիսների բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվում են նմանատիպ հարցեր, որը պետք է ընկալել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու փաթեթի մաս:

«Ուստի պատահական չէ, որ այս քննարկումը հրապարակային դաշտ է դուրս գալիս կամ բացվում նախարարների հանդիպումից առաջ: Կարծում եմ՝ սա կլինի նրանց բանակցությունների մասը: Կարելի էր ակնկալել, որ նման նախաձեռնություններ կլինեն, և հատկապես, երբ առաջինը եղավ հայկական կողմի դրդմամբ, սա էլ ադրբեջանական առաջարկն է ըստ էության:

Բնականաբար, կողմերն իրենք են որոշում, թե ինչ սկզբունքով են իրականացնում այս գործընթացը: Անկախ նրանից, թե կոնկրետ այս նախաձեռնությունն ինչպես կավարտվի, իհարկե, դրական կլինի, որպեսզի քննարկումների ընթացքում կողմերը համաձայնության գան, սակայն ես այն համոզմանն եմ, որ սա ժամանակավոր գործընթաց է, և կարծես կողմերը, բացի այն, որ ցանկանում են վերադարձնել սեփական քաղաքացիներին՝ չունենալով հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք և հնարավորություն, ստեղծել են այս բովանդակությունը շարունակելու համար բանակցային գործընթացը, քանի որ նախկինում մենք ականատես ենք եղել, թե ինչպես է բանակցային «թելը» կտրվում բանակցությունների բացակայության պայմաններում:

Իհարկե, մենք բանակցությունների բովանդակության մասին միայն կարող ենք ենթադրել, դրանք տեղի են ունենում փակ դռների ետևում, բայց այնուամենայնիվ տպավորությունն այդպիսին է: Ըստ իս, լավ է, երբ կողմերը հանդիպում են, քննարկում են նման հարցեր, բայց ես չեմ կարծում, թե սա գործընթացը տանում է դեպի կարգավորում, հեռու եմ կարծիքից, որ կողմերը պատրաստ են քննարկել կարգավորում և արդյունավետ բանակցային գործընթաց վարել ներկայումս»,- ասաց Սկակովը: Նա չի բացառում, որ այս հանդիպումների ընթացքում կողմերը քննարկում են կարգավորման այս կամ այն սկզբունքը, բայց այս ուղղությամբ շղթայական գործընթաց չկա:

Եվրոպացի վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ ուրախալի է նկատել, որ նախարարները կանոնավոր կերպով հանդիպում են: Նրա գնահատմամբ՝ կարևոր է նաև, որ, խնդրահարույց օրակարգից բացի, կողմերը որոշել են քննարկել նման հումանիտար հարցեր, որոնք թուլացնելու են լարումը կողմերի միջև: Խոսելով Զաքիր Հասանովի հայտարարությունից՝ Զաշտովտն ասաց, որ դրան պետք չէ մեծ նշանակություն տալ, քանի որ, եթե ՊՆ-ն է մեկնաբանում հայտարարություն, որն այդքան էլ Ադրբեջանի «սրտով չէ», պետք է նման ձևակերպումներով ուժի ցուցադրություն իրականացնի: «Մենք նույնիսկ առանց այս հայտարարությունների գիտենք, որ պատերազմի վերսկսման վտանգ կա, սակայն կարևոր է այն, որ լինեն հանդիպումներ, համաձայնություններ, դիվանագիտական պրոցես, որպեսզի միջադեպեր շփման գծում չլինեն:

Կարծում եմ՝ կարևոր կլինի, որպես այս գործընթացը շարունակելու պատրաստակամություն՝ կողմերն ավելի լուրջ համաձայնություններ ձեռք բերեն շփման գծում հրադադարը պահպանելու հարցի ուղղությամբ, ինչն ավելի տևական ժամանակահատվածում կապահովի խաղաղ իրավիճակ՝ թե՛ շփման գծում, թե՛ բանակցություններում:

Իմ համոզմամբ՝ կա անհրաժեշտություն՝ քայլեր ձեռնարկել այս հարցի շուրջ, քանի որ այս ամիսների ընթացքում թեև շարունակվել են հանդիպումները, եղել են նաև միջադեպեր, զոհեր շփման գծում, ինչն անկանխատեսելի է դարձնում բանակցային գործընթացը, ավելին, կասկածի տակ դնում դրա ապագան: Միայն Դուշանբեի պայմանավորվածությունները չեն բավարարում շփման գիծը լիարժեքորեն վերահսկողության տակ պահելու համար»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս