Բաժիններ՝

Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի

Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, վիրավորվել է 93 մարդ: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցիչ Գուլիսլամ Սիյալին:

Ավելի վաղ Սիյալը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ պայթյունից զոհվել է 12, վիրավորվել ավելի քան 60 մարդ: «Ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել է 20, վիրավորվել՝ 93 մարդ»,- ասել է Սիյալը գործակալությանը: Նա նշել է, որ պայթյունը որոտացել է Կալաթ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մերձակայքում, բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, հիվանդներ ու բժիշկներ: Նա հավելել է, որ վիրավորներին տեղափոխել են մասնավոր կլինիկաներ, քանի որ հիվանդանոցը վնասվել է պայթյունից:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» արմատական խմբավորումը: Գրոհն իրականացվել է այն բանից երկու օր անց, երբ սեպտեմբերի 17-ին «Թալիբան»-ը, որն սպառնացել է վիժեցնել սեպտեմբերի վերջին նշանակված նախագահական ընտրությունները, պայթյուններ կազմակերպեց Քաբուլում եւ Փարվանի նահանգում, դրանց զոհ դարձավ 48 մարդ, տուժեց եւս 80 բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս